Չինաստանին ձեռնտու չէ ՌԴ-ի կամ Իրանի թուլացումը, բայց նույնիսկ նրանց համար առճակատման չի գնա ԱՄՆ-ի հետ․ Մհեր Սահակյան
5 րոպեի ընթերցում

Չինագետ Մհեր Սահակյանի կարծիքով՝ գերտերությունների միջև մշտապես լինելու է սուր մրցակցություն, որովհետև ներկայիս բազմաբևեռ աշխարհն է թելադրում այդ մրցակցությունը, սակայն ԱՄՆ-ն ու Չինաստանը հասկանում են, որ առկա լարվածությունը կարող է հանգեցնել ավելի մեծ էսկալացիայի՝ դառնալով մեծ պատերազմի հետևանք, ինչը երկուսի համար էլ կլինի կործանարար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում չինագետ Մհեր Սահակյանն անդրադարձավ Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումից հետո ստեղծված իրավիճակին և աշխարհաքաղաքական ու տնտեսական որոշ իրողություններին։
«Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը նպատակ ուներ որոշակիորեն կայունացնել երկկողմ լարված հարաբերությունները, որոնք առկա են տևական ժամանակ՝ հաշվի առնելով առևտրային պատերազմներն ու այն հանգամանքը, որ կողմերը մեկը մյուսի նկատմամբ սահմանել են նոր մաքսային սակագներ՝ արգելակելով որոշ ապրանքների ներմուծումն ու արտահանումը։ ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները մնում են ժամանակակից աշխարհի կարևորագույն հարաբերությունները, ուստի յուրաքանչյուր բացասական կամ դրական զարգացում իր ազդեցությունն է թողնում նաև համաշխարհային քաղաքականության ու տնտեսության վրա»,- նշեց Սահակյանը։
Նրա կարծիքով՝ չին-ամերիկյան վերջին հանդիպումը կառուցողական էր, կողմերը համաձայնվեցին քայլեր կատարել՝ բարելավելու հատկապես առևտրատնտեսական կապերը, ինչի լավագույն ապացույցն ամերիկյան պատվիրակության ստվար կազմն էր, որում ընդգրկված էին այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք էին Իլոն Մասկը և բիզնես ոլորտի այլ լիդերներ։
«Հիմնական նպատակն այն էր, որպեսզի հանդիպումը տարվեր ոչ միայն քաղաքական բանակցությունների հունով, այլև կոնկրետ բիզնես ոլորտում գալ համաձայնությունների՝ վերացնելով առկա խնդիրները, որոնք կողմերը ստեղծել էին միմյանց համար։ Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը հետագայում դրական հետք կթողնի նաև համաշխարհային տնտեսության ու քաղաքականության վրա։Վերջին հանդիպման ընթացում երկու գերտերությունների ղեկավարներն, ըստ էության, ցանկություն հայտնեցին, որ նախկին տնտեսական համագործակցությունը շարունակվի ու վերականգնվի։ Երկուստեք ապրանքաշրջանառությունը հատում է մի քանի հարյուր միլիարդ դոլարի սահմանը, բայց եթե 10 տարի առաջ նրանք թիվ մեկ առևտրային գործընկերներ էին, ապա այժմ այդպես չէ, ուստի տնտեսական փոխկապակցվածության ուժեղացումը, ինչին ձգտում են կողմերը, կարող է բերել նաև աշխարհաքաղաքական կայունության»,- ասաց մեր զրուցակիցը։
Չինագետի դիտարկմամբ՝ Թայվանի խնդիրը շարունակում է մեծ դեր խաղալ երկկողմ հարաբերություններում։ Սի Ծինփինը հատուկ զգուշացրեց, որ եթե ԱՄՆ-ն շարունակի աջակցել Թայվանին, ապա դա կարող է հանգեցնել մեծ կոնֆլիկտի։ Երկու գերտերությունների համագործակցությունը, չինագետի համոզմամբ, շատ կարևոր է ամբողջ աշխարհի համար, որովհետև նրանք ունակ են ազդել այս կամ այն տարածաշրջանում առկա կոնֆլիկտների հանգուցալուծման վրա։ Դա էր պատճառը, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվեց նաև իրանական խնդիրը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Չինական և ամերիկյան կողմերը ևս մեկ անգամ ճշգրտեցին իրենց դիրքորոշումները։
«Հարաբերությունները դեռ կլինեն մրցակցային, սակայն երկու գերտերությունների ղեկավարների վերջին հանդիպումը կարող է հանգեցնել որոշակի կայունացման՝ նպաստելով տնտեսական կապերի աշխուժացմանը, եթե նոր հանգամանքներ չազդեն նրանց դիրքորոշումների վրա։ Չինաստանն իր հետաքրքրություններն ունի Մերձավոր Արևելքում, հետևաբար փորձում է ինքնուրույն գործել՝ առանց դաշինքներ կնքելու։ Այստեղ նրա ռազմավարական գործընկերներն են ինչպես արաբական երկրները, այնպես էլ Իրանը։ Չինաստանում հասկանում են, որ Մերձավոր Արևելքը ականապատ դաշտ է, ուստի այդ գերտերությունը բավականին զգույշ է գործում և Իրանի հարցում պահպանում է որոշակի չեզոքություն՝ ուժեղացնելով իր բանակցային դիրքերը։ ՉԺՀ-ն ռազմավարական համագործակցություն է զարգացնում նաև ՌԴ-ի հետ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում դրսևորում է նույն չեզոքությունը»,- ասաց Սահակյանը
Նրա կարծիքով՝ Պեկինը հստակ գիտակցում է, որ Ռուսաստանի թուլացումն իրեն ձեռնտու չէ, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք չի բխում իր շահերից, ու թեև Չինաստանը ՌԴ-ից ու Իրանից գնում է էներգակիրներ ու այդ երկրներին համարում է ռազմավարական գործընկերներ, նույնիսկ նրանց համար չի գնա առճակատման ԱՄՆ-ի հետ։
«Չինաստանը գործնական կապեր ունի նաև Ուկրաինայի հետ և նույնիսկ երկու անգամ խաղաղարար միջնորդ լինելու հայտ է ներկայացրել։ ՉԺՀ-ն կստանձնի այնպիսի դերակատարում, որով չի թուլացնի ՌԴ-ի ու Իրանի դիրքերը, բայց միևնույն ժամանակ չի ուժեղացնի ԱՄՆ-ի դիրքերը»,- եզրափակեց Սահակյանը։
