Վերլուծություն

Արաբական երկրներն ակտիվության տարբեր աստիճաններով ներգրավված են մերձավորարևելյան գլոբալ կոնֆլիկտում. արաբագետ

6 րոպեի ընթերցում

Արաբական երկրներն ակտիվության տարբեր աստիճաններով ներգրավված են մերձավորարևելյան գլոբալ կոնֆլիկտում. արաբագետ

Մերձավորարևելյան հակամարտության համապատկերում արաբական երկրների գործողությունների ամբողջ ներկապնակը քննելիս՝ ակնհայտ է դառնում, որ նրանք ակտիվության տարբեր աստիճաններով, այնուամենայնիվ, ներգրավված են գլոբալ կոնֆլիկտում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու արաբական որոշ երկրներ, որոնց տարածքները ենթարկվում էին պարբերական հրթիռակոծումների Ւրանի կողմից, ակտիվորեն չներգրավվեցին Իրանի դեմ պատերազմական գործողություններում։

«Հակամարտության մեջ արաբական երկրների հնարավոր ակտիվ ներգրավման հարցին պատասխանելու համար նախ պետք է հստակեցնել, թե որ կողմից ենք մոտենում խնդրին։ Եթե նկատի է առնվում պատերազմ հայտարարելու հանգամանքը, ապա դա հնարավոր չէ այն պատճառով, որ ներկայիս աշխարհում պատերազմներն այլ կերպ են վարվում, և դասական հայտարարություններ, որպես կանոն, չեն հնչում։ Իսկ հակազդելու կամ ինչ-որ միջոցառումներ ձեռնարկելու տեսանկյունից՝ հատկապես այն համատեքստում, որ Պարսից ծոցի արաբական երկրների դեմ եղան որոշակի ռազմական գործողություններ, պետք է նշել, որ արաբական երկրներն, այնուամենայնիվ, հստակ արձագանքներ տալիս են»,-ասաց Քոչարյանը։

Նա վկայակոչեց այն իրողությունը, որ արաբական երկրների մի մասը թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ տարածաշրջանի մյուս գործընկերների հետ դիվանագիտական ճանապարհներով փորձում է խնդրին լուծում տալ՝ միևնույն ժամանակ մասնակցելով հակաօդային պաշտպանության գործողություններին՝ նմանապես թիրախավորելով իրանական հրթիռներ ու ԱԹՍ-ներ։

«Այդ գործողությունները, բնականաբար, կրում են որոշակի հաշվարկ և զգուշավորություն, որովհետև արաբական երկրները հասկանում են, որ ռազմական էսկալացիան առաջին հերթին բացասաբար է անդրադառնալու հենց իրենց տնտեսությունների վրա՝ տարածաշրջանում նրանց մղելով անվտանգային հարաբերությունների վերադասավորման։ Հետևաբար, ակտիվություն կա, սակայն այն մակարդակի, որքան, որ նրանք, ելնելով սեփական ազգային անվտանգությունից, գնահատում են անհրաժեշտ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ արաբական երկրների միջև հակամարտության հանդեպ չձևավորվեց միասնական մոտեցում, Քոչարյանն ընդգծեց, որ միասնական դիրքորոշումներ վաղուց չկային։   

«Երկրների շահերը միանշանակ տարբեր են։ Դա վերաբերում է ինչպես պետական շահերին, այնպես էլ այդ երկրների բնակչության էթնոգրաֆիկ պատկերով պայմանավորված առանձնահատկություններին։ Մերձավոր Արևելքում կան իսլամի տարբեր ուղղություններ դավանող ժողովուրդներ։ Օրինակ՝ Իրաքում կա շիական զգալի էթնոս և հենց շիական համերաշխությամբ է պայմանավորված աջակցությունն Իրանին, որն իր հերթին Իրաքում արդյունավետորեն աշխատում է պրոիրանական ուժերի հետ։ Կան նաև այլ տեսակի արձագանքներ։ Մնացած արաբական երկրներն իրենց վերաբերմունքը նույնպես դրսևորում են՝ հաշվի առնելով իրենց ներսում հասարակությունների կառուցվածքը։ Արձագանքում են այնքան, որքան հնարավոր է, որպեսզի իրենց չքննադատեն Իսրայելին աջակցելու համար»,- ասաց արաբագետը։

Նրա կարծիքով՝ թեման շատ զգայուն է, հետևաբար ակտիվության կամ պասիվության տարբեր ձևակերպումները պետք է կապել տարաբնույթ հանգամանքների հետ, առավել ևս, որ առանձին երկրներում պետական շահերն ու հասարակությունների կառուցվածքը բոլորովին ուրիշ են։  

Խոսելով արաբական երկրների, մասնավորապես, Եգիպտոսի միջնորդական ջանքերի մասին՝ Քոչարյանն ասաց, որ նման քայլերի անհրաժեշտությունը պայմանավորված է իրենց անմիջական հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով։

«Ավելի շատ կարող ենք խոսել Օմանի մասին, թեև նրա միջնորդական առաքելությունը նույնպես օգուտ չտվեց։ Չնայած դառը փորձին՝ սպասելի է, որ Օմանը կարող է ավելի ակտիվորեն գործել նշված ուղղությամբ՝ երկխոսության հարթակ տրամադրելով Իրանին ու ԱՄՆ-ին։ Եգիպտոսն, իր հերթին, փորձում է բարձրացնել սեփական կշիռը, ուստի նույնպես հանդես է գալիս առաջարկություններով, սակայն դեռ ոչ մի կողմից չկան նշաններ, որ պատրաստ են ընդունել այդ միջնորդությունները»,-ասաց Քոչարյանը։

Արաբագետի դիտարկմամբ՝ մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծումը բավականին մշուշոտ է։  

«Հաշվի առնելով կողմերի հռետորաբանությունը՝ կարելի է ասել, որ հայտնի չէ, թե երբ ականատես կլինենք հանգուցալուծման։ Հանրային տիրույթում շփվում են այնպիսի բառամթերքով, ինչը լավատեսության հույս չի ներշնչում։ Բայց մյուս կողմից էլ պատերազմական գործողությունների արդյունքում երկուստեք կա հոգնածություն, սպառազինությունների ու ռազմուժի մաշվածություն, հետևաբար դա կարող է ստիպել կողմերին ստիպել բանակցությունների միջոցով հասնել շրջանակային փաստաթղթի ստորագրման»,-եզրափակեց Քոչարյանը։   

ԱՄՆ-ն ու Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում նախատեսվում են բանակցություններ՝ վերջնական համաձայնագիր կնքելու նպատակով։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ապրիլի 10-ին նախատեսվում են բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում