Վերլուծություն

Շարմ էլ-Շեյխի համաժողովը միտված էր նաև մերձավորարևելյան երկրներին տարածաշրջանի նոր հայեցակարգի շուրջ համախմբելուն. Հայկ Քոչարյան

7 րոպեի ընթերցում

Շարմ էլ-Շեյխի համաժողովը միտված էր նաև մերձավորարևելյան երկրներին տարածաշրջանի նոր հայեցակարգի շուրջ համախմբելուն. Հայկ Քոչարյան

Արաբագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ այս պահի դրությամբ այն, ինչ հաջողվել է անել Միացյալ Նահանգներին, և ինչին միջազգային հանրությունն ականատես եղավ Իսրայելի Քնեսեթում Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ, ըստ էության, միտված էր երկու տարի տևող ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում հակամարտությանը վերջ տալուն և խաղաղության հաստատման ճանապարհին գործուն քայլեր կատարելուն, ինչը կարևոր հանգրվան է։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետն անդրադարձավ պաղեստինաիսրայելական հակամարտության ներկա փուլին և այդ համատեքստում մասնավորապես այն հարցին, թե կարող է, արդյոք, հիմնախնդրի կարգավորման գործում բեկումնային լինել Շարմ Էլ-Շեյխի գագաթնաժողովը՝ նվիրված Գազայի ապագայի հետ կապված խնդիրներին։ 

«Ներկա կարևոր հանգրվանին հասնելու իրողությունը բարձր մակարդակով նշվեց ոչ միայն Եգիպտոսում կայացած համաժողովում, այլև Իսրայելում՝ ընդգծելով միջնորդների դերակատարությունը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծեք թե,  վերականգնեց իր դիրքերը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, որովհետև վերջին շրջանում Իսրայելն իր վարկանիշով հետզհետե դառնում էր բավականին մեկուսացված երկիր։ Շարմ էլ-Շեյխում հավաքվել էին, որպեսզի տարածաշրջանային պետությունների հետ արձանագրեն այդ կարևոր հանգրվանին հասնելու մասին»,- ասաց Քոչարյանը։  

Արաբագետի դիտարկմամբ՝ գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահը դրանով իսկ ցույց է տալիս իր խաղաղասիրական գործողությունների ամբողջությունը, որն իր հաջողված փորձերից մեկն է, քանի որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը մատուցվում է որպես միջնորդական կարևոր նախաձեռնություններից մեկը։ 

«Կարելի է արձանագրել, որ խոսքն առնչվում է նաև «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հնարավոր վեկտորների մասին։ Մերձավորարևելյան խաղաղության այդ համաժողովն իր հիմքում, անշուշտ, ուներ նախ իսրայելապաղեստինյան ճգնաժամի հանգուցալուծման նպատակ, բայց ավելի շատ միտված էր երկրներին տարածաշրջանի նոր հայեցակարգի շուրջ համախմբելուն և այդ հայեցակարգը հիմնական փաստաթուղթ դարձնելուն, ինչը վկայում է այն մասին, որ այդ ուղղությամբ կատարվել է շատ մեծ աշխատանք»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով այն հարցին, որ Նեթանյահուն նախապես համաձայնվել էր մասնակցել գագաթնաժողովին, բայց հետո հրաժարվեց մեկնել Եգիպտոս՝ Քոչարյանն ասաց, որ այդ քայլը ոչ թե դեմարշ էր՝ ուղղված գագաթնաժողովի դեմ, այլ ավելի շուտ դիվանագիտական քայլ էր։ 

«Քանի որ միջոցառմանը մասնակցում էր նաև Պաղեստինի պատվիրակությունը, ակնհայտ է, որ, գուցե, զուտ ձեռքսեղմումների հետ կապված դեռ պահպանվում են հոգեբանական բարդություններ։ Տարածաշրջանային խնդիրներն ու արաբական երկրների առաջնորդների հետ հարաբերություններում առկա պրոբլեմները մեկ օրում չեն լուծվում։ Մյուս կողմից էլ հրեական Շեմինի Ացերեթ-Սիմխատ Թորան իսկապես կարևոր կրոնական տոն է, ինչի մասին նշել էր Իսրայելի վարչապետի գրասենյակը՝ այդ կերպ պատճառաբանելով Նեթանյահուի բացակայությունը Շարմ Էլ-Շեյխի գագաթնաժողովում։ Բացի այդ, որոշ արաբական երկրներ ի սկզբանե մտավախություններ ունեին Իսրայելի վարչապետի ժամանման առթիվ, ուստի միջոցառմանը ներկայացել էին ոչ առաջին դեմքերով։ Բայցևայնպես, լուծումն, ըստ էության, գոհացրեց բոլորին»,- պարզաբանեց Քոչարյանը։ 

Արաբագետի կարծիքով՝ Գազայի ամբողջական վերականգման գործընթացը, որի մասին խոսում են շատ երկրների ղեկավարներ, կախված է այն հանգամանքից, թե ովքեր են ներգրավվելու այդ գործընթացում և այդ նպատակով ինչ ժամանակացույց է հաստատվելու։ 

«Պետք է դեռ քննարկեն վերականգնման գործընթացը։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն սերտորեն աշխատել են մերձավորարևելյան արաբական երկրների և Թուրքիայի հետ, որպեսզի դա տեղի ունենա, առավել ևս, որ Մեծ Բրիտանիան արդեն իսկ գործուն աջակցություն է ցուցաբերել։ ԱՄՆ-ի նախագահն իր ելույթում նշեց, որ առյուծի բաժինն իրենց վրա են վերցնելու տարածաշրջանի հարուստ արաբական պետությունները, որոնց համար այդ ծախսերը, նախագահի բնորոշմամբ, այդքան էլ զգալի չեն։ Արևմուտքն իր հերթին նույնպես կփորձի ակտիվ աջակցություն ցուցաբերել և գործուն մասնակցություն ունենալ Գազայի վերականգնման աշխատանքներում, առավել ևս, որ հայտարարվել է այդ նպատակով առանձին միջազգային համաժողով անցկացնելու մասին։ Այնպես որ պոտենցիալ շահառուների շրջանակն արդեն ուրվագծվել է»,- նշեց արաբագետը։ 

Խոսելով նաև մի շարք երկրների կողմից Պաղեստինի Պետության անկախության ճանաչման գործընթացի մասին՝ Քոչարյանն ընդգծեց, որ այն կարող է շարունակվել, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող ԱՄՆ-ն, ինչպես նաև Իսրայելը տակավին դեմ են այդ գործընթացին՝ չընդունելով այդ սկզբունքը որպես հարցի լուծման տարբերակ։  

«Իսրայելական կողմը ներկայիս հաղթանակած դիրքերում առավել ևս չի հանդուրժում այդ գործընթացը, ինչի մասին խոսում է բացահայտորեն։ Մյուս կողմից դա խնդիրներ է առաջացնում նաև արաբական որոշ երկրների համար, որոնք հարցի լուծումը տեսնում են երկու պետությունների ստեղծման սկզբունքի մեջ՝ որպես հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակ։ Քանի դեռ Իսրայելում իշխում է Նեթանյահուն, իսկ Միացյալ Նահանգներում՝ Թրամփը, խնդիրը ձգձգվելու է։ Գուցե, կլինեն Պաղեստինի Պետության անկախությունը ճանաչող նոր երկրներ, սակայն այդ հանգամանքը կարգավորման գործընթացի վրա դեռ ազդեցություն չի ունենա։ Եթե իշխանությունները փոխվեն և ձևավորվի նոր իրավիճակ, գուցե, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այդ մասին»,- եզրափակեց արաբագետը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում