ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան օբյեկտների թիրախավորման մասին
2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը սեպտեմբերի 2-ի առավոտյան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակում են սկսել Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող ամերիկացի հրամանատարի հրամանատարական կետի և կացարանի վրա, որի հետևանքով զոհվել է մի քանի զինծառայողն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հանգարում և թեքահարթակում, որի միջոցով անօդաչու թռչող սարքերը մասնակցել էին Իրանի վրա հարձակումներին։ Նաև նշվում է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողություններն իրականացվել են՝ ի պատասխան ամերիկյան ուժերի կողմից իրանական տարածքների թիրախավորման։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Քուվեյթն իր հերթին հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել մայրաքաղաքի բնակելի շենքում, սակայն տեղեկություն չի հայտնել զոհերի վերաբերյալ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հայտարարել է, որ հարձակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան երկու ռազմակայանի վրա:
«Ի պատասխան այսօր լուսաբացից անմեղ քաղաքացիների թիրախավորման՝ տասնյակ բանակային կամիկաձե անօդաչուներն ԱՄԷ-ի ազ-Զաֆրա և ալ-Մինհադ բազաներում թիրախավորել են ռադարային համակարգերը և ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը», - ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր Հորդանանում, Բահրեյնում և Էրբիլում գտնվող ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին։ Մինչ այդ ամերիկյան ուժերը Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքում հարսանեկան տոնակատարության ժամանակ հարվածել էին բնակելի տան, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է շուրջ 70 մարդ։ Հարվածների են ենթարկվել նաև իրանական այլ քաղաքներ։