Սիրիայի ապագան կախված կլինի ոչ միայն ներքաղաքական իրավիճակից, այլև մերձավորարևելյան աշխարհաքաղաքական տեղաշարժերից. արաբագետ

4 րոպեի ընթերցում

Սիրիայի ապագան կախված կլինի ոչ միայն ներքաղաքական իրավիճակից, այլև մերձավորարևելյան աշխարհաքաղաքական տեղաշարժերից. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տասնամյակում Սիրիայում իրավիճակը միշտ եղել է անկայուն, և իրադարձությունների նման ընթացքը, մեծ հաշվով, կանխատեսելի էր: Անակնկալ էր, թերևս, նախորդ տարեվերջին տեղի ունեցած հանգուցալուծման և իշխանափոխության արագ տեմպը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին և հնարավոր զարգացումներին։ 

«Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որի հետ հաշվի են նստում աշխարհի շատ պետություններ, սակայն դեռ բազմաթիվ հարցեր լուծված չեն։ Անցման փուլի կառավարությունը փորձում է կոնսոլիդացնել քաղաքական խմբավորումներին և ուժերին, հետևաբար բանակցությունների ընթացքից մեծապես կանխված կլինեն հետագա զարգացումները»,- նշեց արաբագետը։ 

Անդրադառնալով Մերձավոր Արևելքի և այդ համատեքստում, մասնավորապես, Սիրիայի համար մղվող աշխարհաքաղաքական պայքարին՝ Քոչարյանն ընդգծեց, որ այդ առումով նույնպես ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ։ Ըստ նրա՝ այս փուլում Ռուսաստանի և Իրանի դիրքերն արտաքուստ թուլացել են և նրանք շահեկան վիճակում չեն հայտնվել, թեև գործող իշխանության հետ պահպանում են որոշակի կապեր, փոխարենն ավելի է ուժեղացել Թուրքիայի դերակատարումը, որը մինչ այդ էլ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններում ուներ ազդեցության զգալի կշիռ։

«Մյուս կողմից էլ կա Իսրայելի գործոնը, որն առաջնորդվում է ուժային լուծումների մեթոդով և բնավ նրա շահերից չի բխում ուժեղ Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում։ Արդեն իսկ փոխվել է Իսրայելի և Թուրքիայի միջև հռետորաբանությունը»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ոչ վաղ անցյալում Սիրիայում գործող տարբեր խմբավորումները մեկ ճակատով պայքարում էին Բաշար Ալ-Ասադի իշխանության դեմ և հիմա, երբ տեղի է ունեցել իշխանափոխություն, կարո՞ղ են, արդյոք, այդ ուժերն ու խմբավորումները գալ մեկ ընդհանուր հայտարարի և չպառակտվել, մեր զրուցակիցն ընդգծեց, որ անցումային փուլի կառավարությունն, իհարկե, ջանքեր կգործադրի համընդհանուր կոնսոլիդացիայի հասնելու համար, թեև այդ գործընթացը, միանշանակ. հարթ չէ։ 

«Այդ տարաբնույթ խմբավորումները կշարունակեն իրենց ակտիվ գործունեությունը։ Այստեղ կարևոր է, թե ինչ հիմքով են գործելու նրանք կամ աշխարհաքաղաքական որ կենտրոններից ինչպիսի ազդակներ կամ հրահանգներ կստանան մոտ ապագայում։ Համենայնդեպս, փորձ կարվի՝ ոմանց հետ բանակցելով գալ ընդհանուր հայտարարի, ոմանց էլ, հավանաբար, ուժով կպարտադրեն ինչ-որ տարբերակներ»,-ասաց արաբագետը։

Քոչարյանի դիտարկմամբ՝ Սիրիայում կառավարման հետագա մոդելի ընտրության հարցում էական նշանակություն կունենա նոր Սահմանադրության ընդունումը, սակայն այս պահին դեռ վերջնական փաստաթուղթ չկա և դեռ պարզ չէ՝ որքան կտևեն քննարկումները։ Այդուհանդերձ՝ մեր զրուցակիցը չբացառեց, որ Սիրիան կընտրի էրդողանական կառավարման թուրքական մոդելը, առավել ևս, որ Թուրքիայի ազդեցությունը տակավին մեծ է հարևան արաբական երկրի վրա։ Նա չբացառեց նաև իսլամիստների գործոնը, ովքեր ցանկանում են Սիրիայում կյանքի կոչել իսլամական պետությանը բնորոշ կառավարման մոդելն ու կացութաձևը։  

Քոչարյանը հավանական չհամարեց անցումային փուլի երկարաձգման հնարավորությունը՝ նշելով, որ Սիրիայում, այդուհանդերձ, շատ հարցերի պատասխանները պետք է տան ընտրությունները։ Նրա կարծիքով՝ Սիրիայի ապագան մեծապես կախված կլինի նաև այն հանգամանքից, թե ինչպիսի աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու վերաձևավորումներ կլինեն ամբողջ Մերձավոր Արևելքում։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում