Քաղաքականություն

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին պահանջագիր հանձնվեց՝ Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակման խնդրով

6 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին պահանջագիր հանձնվեց՝ Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակման խնդրով

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի դիմաց հունվարի 17-ին տեղի ունեցավ ակցիա, որի մասնակիցները պահանջագիր հանձնեցին կազմակերպությանը՝ կապված Ադրբեջանում գտնվող 16 հայ գերիների ապօրինի ու շինծու դատավարության մեկնարկի հետ։ ՄԱԿ-ին ներկայացված փաստաթղթով ակցիայի մասնակիցները կոչ արեցին  գործուն քայլեր ձեռնարկել՝ ազատելու Բաքվում պահվող հայ գերիներին, պահպանելու ԼՂ-ի հայկական պատմամշակութային ժառանգությունը, ապահովելու ԼՂ-ի հայ բնակչության վերադարձի իրավունքն ու մեխանիզմներ գործարկել՝ պարզելու անհետ կորածների ճակատագիրը։ 

Բաքվում այսօր մեկնարկած դատավարությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին՝  նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ընդհանուր թվով՝ ապօրինաբար ձերբակալված և Բաքվում պահվող 16 անձանց: Ադրբեջանը նրանց կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։ 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվող ակցիային մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև արցախյան մի խումբ կազմակերպություններ։

Ակցիայի մասնակից, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը նշեց, որ շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ իրականացվող ոճրագործության մասին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 17-ին Ադրբեջանում մեկնարկում է կեղծ մեղադրանքներով ապօրինաբար Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։

«Ռուբեն Վարդանյանի երեկվա տարածած հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչքան տագնապալի է իրավիճակը և արդարադատության առումով ինչպիսի խայտառակ դրություն է տիրում Բաքվում։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը կոչ էր բոլորիս՝ թե՛ հայ հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը՝ համարժեք քայլեր ձեռնարկելու համար։  Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված ներկայացմանը։ Դա կոչ էր մեզ բոլորիս, որպեսզի կուլ չտանք Ադրբեջանի կողմից հերթական խայծը՝ դառնալու էլ ավելի պառակտված և խոցելի»,-նշեց Նարինե Աղաբալյանը։ 

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ հավելեց, որ այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցների նկատմամբ խոշտանգումներն օր առաջ դադարեցվեն և այդ անձինք կարողանան վերադառնալ իրենց տները։ Ստեփանյանի խոսքով՝ նմանատիպ բոլոր ակցիաները, բնականաբար, շատերի մոտ թերահավատություն են առաջացնում՝ այն կոնտեքստում, որ դրանցով որևէ արդյունքի հասնել հնարավոր չի լինի, սակայն անգործությունից շատ ավելի լավ է պայքարը՝ հրավիրելով ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային հանրության՝ մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության ուշադրությունն այս կարևոր հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա։ 

«Պետք է, հնարավորինս շատ ճնշում գեներացնելով, հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանը և հայրենադարձությանը։ Սա է ամենակարևոր ակնկալիքը, որի համար հերթական անգամ կազմակերպվում է նման ակցիա»,-նշեց Գեղամ Ստեփանյանը։

Վերջինս դրական է համարում այն, որ ամեն նման ակցիայից հետո հայ գերիների ազատ արձակման թեման որոշակի ակտիվություն է ստանում։ Նրա դիտարկմամբ՝ նման ակցիաների միջոցով հասարակությունը դրդում է պատասխանատու մարդկանց ավելի ակտիվ գործողություններ իրականացնել գերիների հարցով։ 

«Միաժամանակ հասկանում ենք, որ գործ ունենք բռնապետական, ավտորիտար և մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության՝ Ադրբեջանի հետ, որին այս հարցում համոզել կամ պարտադրել այս պահի դրությամբ չի ստացվում»,-նշեց Ստեփանյանը՝ շեշտելով, որ դա չի նշանակում, թե պետք է անգործության տրվել և ոչինչ չանել, հակառակը՝ պետք է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը։ 

ԼՂ-ի նախկին ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է այն ճշմարտությունը, որի մասին այս ամբողջ ժամանակահատվածում խոսում է իրավապաշտպան համայնքը։  

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց տրամադրությունները։ «Դրան հակազդելու գլխավոր ճանապարհը նախ այն է, որ մենք բոլորս մեր ձայնը բարձրացնենք. չպետք է լռենք։ Դա կլինի ակցիաներով, տարբեր պահանջագրերով, թե այլ գործողություններով, այդուհանդերձ, գլխավոր հակազդող միջոցը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն են, քանի որ իրենք ունեն համապատասխան լծակներ, իրենք են բանակցում Ադրբեջանի, միջազգային հանրության հետ»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Պահանջագրի հանձնումից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենք։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում