Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի և ղեկավար կազմի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնում է, որ ներկայացվել է «Հայփոստի» 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը: Անդրադարձ է կատարվել նաև «Հայփոստ»-ի գործունեության ընթացիկ վիճակին և իրականացված բարեփոխումներին, ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս փոստային կապի հասանելիությանն առնչվող թեմաներին։
«Ներկայացված ռազմավարության վերաբերյալ մի շարք դիտարկումներ եմ կատարել՝ ընդգծելով հատկապես միջազգային լոգիստիկ ծառայությունների զարգացման նպատակով միջազգային կապերի ընդլայնման, ինչպես նաև թվային վերափոխումների, ամպային լուծումների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կարևորությունը»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: