Ադրբեջան

ՀՀ ՄԻՊ-ն շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին

4 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին՝ նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներն ու արժեքները պահպանելու կարևորությունը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարությունը։ 

«Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։ Պաշտպանի շարունակական մշտադիտարկումները վկայում են, որ նույնիսկ մինչև անձանց ապօրինի ազատությունից զրկելն Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նրանց արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»: Ավելին, ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում շարունակվում են լայնորեն տարածվել նշված անձանց ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներ, հայերին սպանելու, բռնության կոչեր և հայերի նկատմամբ խորքային ատելություն»,- ասված է հայտարարության մեջ:

ՄԻՊ աշխատակազմը նշում է, որ Ադրբեջանի կողմից ակնհայտորեն հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող։ Այս գործընթացի ոչ իրավաչափ լինելու մասին մտահոգություններ են բարձրացնում տարբեր իրավապաշտպաններ, փաստաբաններ, հեղինակավոր միջազգային դերակատարներ:

Արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում։ Ընդ որում՝ նշված իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և զանգվածային լրատվության միջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։ 

Տարբեր դերակատարների կողմից բարձրացված մտահոգությունները վկայում են նաև, որ քրեական հետապնդման ներքո գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով արդյունավետ պաշտպանության և համապատասխան երաշխիքների առկայությամբ թարգմանչի օգնությունը ստանալու իրավունքներից։  Մարդու իրավունքների պաշտպանը կիսում է պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված մտահոգությունները: 

Ավելին, ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում (օրինակ՝ «Human Rights Watch», ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե) պարբերաբար մտահոգություններ են ներկայացվել ազատությունից զրկված էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ: 

«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին»,- նշված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում