Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործումը կախված են Ադրբեջանի վարքագծից. քաղաքագետ

5 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործումը կախված են Ադրբեջանի վարքագծից. քաղաքագետ

Տարին սկսվել է Ադրբեջանի նախագահի կողմից ռազմատենչ հայտարարություններով: Ցավոք , այդ հայտարարությունները միայն հարևան երկրից չեն, հետևաբար մեր տարածաշրջանը գտնվում է պայթյունավտանգ իրավիճակում։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա իրավիճակին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կենսունակության հարցին։ 

«Իհարկե, իրավիճակը մի փոքր մեղմվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումից հետո։ Դա հույս է ներշնչում, որ հարավկովկասյան տարածաշրջանը, հնարավոր է՝ չմտնի էսկալացիոն շրջան։ Ամեն դեպքում, պետք է ապավինել ժամանակին, ներկա շրջանում չարժե ձևավորել էյֆորիկ տրամադրություններ՝ կապված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության հետ։ ԱՄՆ-ի նոր վարչակազմի՝ աշխատանքի անցնելուն պես պետք է հետևել, թե Ադրբեջանն ինչպիսի դիրքավորում կունենա տարածաշրջանում։ Ի վերջո՝ Ադրբեջանի նախագահը կգնա՞ արկածախնդրության, թե՞ ոչ»,- ասաց Մկրտչյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս պահին ունենք հարաբերական և փխրուն կայունություն, որը կարող է դեռ որոշ ժամանակ շարունակվել։

«Ներկա իրավիճակում Բաքվից հնչող հայտարարություններին ի պատասխան՝ միանշանակ ողջունելի է Հայաստանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումն ու զուսպ կեցվածքը, որովհետև ադրբեջանական կողմի հայտարարություններին նման բառապաշարով պատասխանելը կնշանակի կուլ տալ պատերազմի նետված խայծը և հրահրել պատերազմ մեր տարածաշրջանում։ Խաղաղության պայմանագիրն այսպես, թե այնպես յուրաքանչյուր պահի հնարավոր է ստորագրել, եթե դրա համար Ադրբեջանի կողմից լինի քաղաքական կամք։ Գրեթե ամեն ինչ պատրաստ է։ 17 կետից բաղկացած նախաբանի 15 կետերն արդեն համաձայնեցված են։ Ադրբեջանը փորձում է մնացած երկու կետերի վրա խաղալ և ժամանակ ձգել»,- ասաց քաղաքագետը։

Մկրտչյանի կարծիքով՝ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ են նաև նպաստավոր պայմաններ. դրա համար պետք է լինի միջազգային ճնշում Ադրբեջանի վրա։ Ըստ նրա՝ ՀՀ-ն այլ տարբերակ չունի, քան հետապնդել խաղաղության օրակարգն ու ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանի կողմից այդքան փափագվելիք ու նախապատրաստվելիք ռազմական գործողությունները մեր տարածաշրջանում տեղի չունենան և Հարավային Կովկասը չէսկալացվի։ 

«Այս հարցում պետք է ապահովել նաև միջազգային կոնսոլիդացիա և ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։ Թեև խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգվում է, բայց ասել, որ այն ընդհանրապես չի ստորագրվի, դա էլ կլինի միամտություն։ Այստեղ նույնպես պետք է սպասել հունվարի 20-ից հետո Միացյալ Նահանգների նոր վարչակազմի դիրքորոշմանը։ Լեռնային Ղարաբաղի մասով Թրամփն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ եթե ինքը լիներ ԱՄՆ-ի նախագահ, ապա այնտեղ հայաթափում թույլ չէր տա։ Սա իրականում սփոփիչ հայտարարություն է, բայց պետք է տեսնենք, թե կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով Թրամփն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի։ Ի դեպ, նա արդեն նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել է, որ առաջնորդվելու է աշխարհում բացառապես խաղաղության օրակարգի հաստատման խնդրով։ Սա, անշուշտ, լավ է, հետևաբար այդ ուղղությամբ նույնպես պետք է ակտիվորեն աշխատել Թրամփի վարչակազմի հետ»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կենսունակության հարցին՝ Մկրտչյանն ընդգծեց, որ դրա իրագործման ճանապարհին հիմնական արգելքը շարունակում է մնալ Ադրբեջանը։ Հայկական կողմը միջազգային հանդիպումների ժամանակ միշտ հանգամանորեն ներկայացնում է այդ նախաձեռնությունը, սակայն իրագործման համար պետք է լինի նաև Ադրբեջանի քաղաքական կամքը։ 

«Շատերը նշում են նաև Թուրքիայի գործոնը։ Վերջինս միշտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, հետևաբար «Խաղաղության խաչմերուկի» հիմնական արգելքը պաշտոնական Բաքուն է։ Հայկական կողմի այդ նախաձեռնությունը միանշանակ կարելի է դրական գնահատել, որովհետև բխում է տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ հենց Ադրբեջանի շահերից։ Հարցն այն է, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է գնալ այդ ճանապարհով, թե՞ շարունակելու է պահանջել արտատարածքային միջանցք, գորշ գոտի Հայաստանի տարածքում։ Եթե ընտրի երկրորդ տարբերակը, միանշանակ, «Խաղաղության խաչմերուկն» այդպես էլ կմնա թղթի վրա։ Նախաձեռնությունը կլինի կենսունակ, եթե իսկապես ապաշրջափակվեն բոլոր ճանապարհները»,- եզրափակեց քաղաքագետը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում