Մերձավոր Արևելք

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 71 մարդ է զոհվել. Reuters

2 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 71 մարդ է զոհվել. Reuters

Գազայի հատվածում հունվարի 16-ի գիշերը իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 71 մարդ է զոհվել, ավելի քան 200 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի իշխանություններին և բնակիչներին։

Իսրայելի բանակի խոսնակը հայտնել է, որ այս տեղեկություններն ուսումնասիրվում են։ 

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին։

Հարվածներն իրականացվել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի համաձայնագրի մասին հայտարարությունից հետո, որը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է վերջ դներ 15 ամիս տևող ռազմական գործողություններին։

Իսրայելը դեռ պաշտոնապես չի հաստատել համաձայնագիրը. այն պետք է հավանության արժանանա երկրի անվտանգության կաբինետի և կառավարության կողմից, քվեարկությունը նախատեսված է հունվարի 16-ին, գործակալությանը հայտնել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին մեղադրել է վերջին պահին պահանջներ ներկայացնելու և ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելու մեջ։ 

Իր հերթին ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իզզաթ ար Ռիշքը հայտարարել է, որ ​կազմակերպությունը կատարում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի պայմանները։ 

Հրադադարի համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 19-ին։ Այն ընդգրկելու է 3 փուլ. առաջին փուլի ընթացքում պետք է լինի լիարժեք հրադադար, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի բնակելի հատվածներից, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի իր մոտ պահվող 33 պատանդի՝ իսրայելական բանտերում գտնվող տասնյակ պաղեստինցիների դիմաց։ 

Երկրորդ փուլի ընթացքում պետք է լինի պատերազմի լիարժեք դադարեցում, պետք է պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակվեն ողջ մնացած մյուս պատանդները, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի հատվածից, իսկ ժամանակավոր հրադադարը պետք է դառնա մշտական։

Երրորդ փուլի ընթացքում պետք է ներկայացվի Գազայում խոշոր վերակառուցում իրականացնելու պլանը, զոհված պատանդների մարմինները պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում