Արաբագետը չի բացառում Սիրիայում խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ միջազգային մանդատի ներքո
5 րոպեի ընթերցում

Արաբագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին սրացումների հիմնական պատճառը տակավին չլուծված ներքին տարաձայնություններն են, որոնք կուտակվել են տևական ժամանակ, ուստի դժվար է մեկ օրում հանգուցալուծել տասնյակ տարիների ընթացքում լարվածության տեղիք տված խնդիրները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Քոչարյանն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցած վերջին սրացումներին և հնարավոր հետագա զարգացումներին։
«Թե ինչու հենց վերջին օրերին գրանցվեցին հերթական սրացումները, մի փոքր անհասկանալի է, որովհետև շրջանառվում են իրար հակասող տարբեր տեղեկություններ։ Մի կողմը մեղադրում է մյուսին, ինչպես միշտ լինում է նման դեպքերում։ Այդուհանդերձ, մեծ հաշվով դառնում է երկրորդական, թե ով է մեղավոր հերթական սրացումների համար, առավել կարևոր են հետևանքները, որոնց հաղթահարումը դառնում է, թերևս, ամենամեծ խնդիրը Դամասկոսի համար՝ երկրի միասնականությունը պահպանելու, Սիրիայում կայունություն հաստատելու և ներքին տարաձայնությունները հաղթահարելու առումով»,- նշեց Քոչարյանը։
Արաբագետի կարծիքով՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար կպահանջվեն հսկայական ջանքեր, որովհետև հակամարտությունը, անհանդուրժողականությունն ու արյան վրեժը, ինչպես նաև այն մեթոդները, որոնցով նոր ուժերը եկան իշխանության՝ դեմոնիզացնելով ասադյան ռեժիմը, դեռ երկար ժամանակ զգացնել կտան, ուստի պահանջվում է լուրջ աշխատանք, որպեսզի երկրում չբռնկվի քաղաքացիական պատերազմ, մանավանդ որ միտումները դրան են տանում։
«Իշխող ուժի և նախագահի կողմից արվում են հայտարարություններ, սակայն հարցն այն է, թե ինչ գործողություններ կկիրառի անցումային իշխանությունը և ինչպես կհասցեագրեն առկա խնդիրները։ Գործողությունները ցույց կտան՝ կհաջողվի՞ ստեղծել միասնականության մթնոլորտ, թե՞ ճգնաժամն ավելի կխորանա՝ հանգեցնելով երկրի մասնատվածության»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով օբյեկտիվ կգործի վերջին սրացումների հանգամանքներն ուսումնասիրող բարձրագույն կոմիտեն, որի մասին հայտարարել են Սիրիայի իշխանությունները, արաբագետն առաջին հերթին կարևորեց այն հանգամանքը, թե երբ կոմիտեն կներկայացնի իր եզրահանգումները, ինչից էլ կախված կլինի օբյեկտիվության աստիճանը։
«Պետք է նախաձեռնել անհրաժեշտ նվազագույն գործողությունները, որպեսզի իրավիճակը հանդարտվի։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր կողմերում տեսել ենք նման զարգացումներ ու կոմիտեների ստեղծումներ՝ նույնիսկ միջազգային մանդատով ամրագրված, բայցևայնպես, շատ կարևոր է, թե վերոհիշյալ գործողությունները որքանով կապահովեն Սիրիայում ապրող բազմաթիվ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների անվտանգությունը»,- ասաց Քոչարյանը։
Խոսելով արտաքին ուժերի, մասնավորապես Թուրքիայի հնարավոր նոր միջամտության մասին՝ նա հիշեցրեց, որ միջազգային թատերաբեմում միայն Թուրքիան չի որոշում, թե ինչ պետք է արվի։ Կան տարածաշրջանային այլ խաղացողներ, որոնց հետ պետք է քննարկվեն վիճահարույց հարցերը, առավել ևս, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախանշված է փակ քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
«Շատ շուտով պարզ կլինի, թե ինչպիսի որոշումներ են կայացվելու։ Չի բացառվում, որ միջազգային մանդատի ներքո խաղաղապահ ուժեր տեղակայվեն Սիրիայում, թեև այնտեղ արդեն իսկ կան արտասահմանյան երկրների ռազմաբազաներ»,- կանխատեսեց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ Սիրիայում ապրում են շատ ազգեր ու կրոնական փոքրամասնություններ, այդ թվում՝ հայեր, ուստի անվտանգության միջավայրի վատթարացումն առաջին հերթին բացասաբար է ազդում հենց փոքրամասնությունների վրա։
«Ստեղծված իրավիճակում թիրախավորված են նաև այդ խմբերը։ Եթե ժամանակավոր իշխանությունը հաստատի կայունություն, շատ լավ, հակառակ դեպքում առաջիկայում կլինեն ցավալի դեպքերի կրկնություններ»,- եզրափակեց արաբագետը։