Քաղաքականություն

Հայկական կողմը կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմը կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական մայրաքաղաքում ապրիլի 15-ին տեղի են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները, որոնք գլխավորել են նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը և Վաել Համեդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության ավանդական բարձր մակարդակը, որը վերջին տարիներին առավել ակտիվացել է բարձրագույն մակարդակով տեղի ունեցած փոխադարձ այցելությունների արդյունքում:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճող տեմպերի վերաբերյալ, մտքեր փոխանակել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության առավել սերտացման շուրջ:

Ըստ աղբյուրի՝ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը: Այս համատեքստում հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում իրերի ներկայիս դրությունը, ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում