Երևանում ԵՄ գագաթնաժողովների անցկացումը մեծացնում է Հայաստանի գործոնը միջազգային հարաբերություններում. Սոսի Թաթիկյան
5 րոպեի ընթերցում

Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի տնօրեն Սոսի Թաթիկյանի կարծիքով՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի անցկացումը միանշանակ դրական ուղերձ է և բարձրացնում է Հայաստանի դերը՝ որպես միջազգային հարաբերությունների գործոն։
Սոսի Թաթիկյանը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ հիշեցնելով հատկապես ԵՔՀ-ի առաջին երկու հանդիպումները, որոնցից առաջինը 2022 թվականին էր՝ Պրահայում, իսկ 2-րդը՝ 2023 թվականին՝ Գրանադայում։
Նա ընդգծել է, որ մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներից առաջինը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, բովանդակային առումով Հայաստանի հետ անմիջական կապ չունի, և Երևանը պարզապես հյուրընկալող կողմ է։
«Այդ հանդիպումները մեզ համար շատ կարևոր են եղել, քանի որ Հայաստանի հետ առնչվող անմիջական հայտարարություններ են ընդունվել, մասնավորապես Պրահայի գագաթաժողովի դեպքում։ Գրանադայի դեպքում ևս մեզ աջակցող որոշում ընդունվեց, սակայն, ինչպես հիշում եք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բոյկոտեց այդ հանդիպումը՝ որպես պատրվակ բերելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ Փարիզը Հայաստանին կսկսի զենք մատակարարել»,-հիշեցրել է Սոսի Թաթիկյանը։
Նա նաև մանրամասնել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներն անցկացվում են ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև ԵՄ անդամության թեկնածու կամ գործընկեր երկրներում։
«Ինչո՞վ է այս գագաթնաժողովը Երևանում անցկացնելը մեզ համար կարևոր է, որովհետև ցույց է տալիս առաջինը՝ հարաբերությունների բարձր մակարդակը Եվրամիության հետ, և այն, որ, փաստորեն, մենք Եվրամիության ամենամերձավոր գործընկեր պետություններից ենք։ Երկրորդը՝ քանի որ մենք փոքր երկիր ենք, սա մեծ հնարավորություն է, որ այդքան մեծ թվով պետությունների ղեկավարներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարությունը, գան Հայաստան»,-շեշտել է Թաթիկյանը։
Փորձագետի խոսքով՝ Երևանում նման միջոցառման անցկացումը նաև ընդգծում է Հայաստանի՝ որպես գործոնի դերը միջազգային հարաբերություններում։
«Խոսքը նրա մասին է, որ Հայաստանը՝ որպես փոքր պետություն, բարձրացնում է իր դերակատարումը՝ նման միջոցառում հյուրընկալելով։ Այն, որ Եվրամիության բարձրագույն ղեկավարությունը և այդքան մեծ թվով երկրների ղեկավարներ այցելելու են Հայաստան, արդեն իսկ հենց Հայաստանի ճանաչելիության համար շատ կարևոր գործոն է և միջազգային հեղինակության բարձրացում»,-նշել է Թաթիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ Երևանը կկարողանա բարձր մակարդակով հյուրընկալել այդ միջոցառումները։
Թաթիկյանը նաև ընդգծել է, որ այս գործընթացում կա նաև մեկ այլ հետաքրքիր հանգամանք․ այն է, որ մեր հարևան երկրում՝ Իրանում պատերազմական իրադրություն է, սակայն Եվրամիությունն, ամեն դեպքում, չի փոփոխել գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու իր որոշումը։
«Երբ Իրանի պատերազմը սկսվեց, ես ինքս մտահոգություններ ունեի, որ Եվրամիությունը կորոշի այս միջոցառումը Հայաստանում չանցկացնել՝ հաշվի առնելով անվտանգային հարցերը։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ անցկացման վայրի փոփոխություն տեղի չունեցավ։ Սա շատ բանի մասին է վկայում․ վկայում է այն մասին, որ Հայաստանի հանդեպ կա որոշակի վստահություն, որ երկիրն ի վիճակի է ապահովել անվտանգությունը։ Ստացվում է, որ Հայաստանը համարվում է անվտանգ, ապահով երկիր նման բարձր մակարդակի միջոցառում անցկացնելու համար։ Կարծում եմ՝ սա էլ է կարևոր»,-շեշտել է Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի տնօրենը։
Անդրադառնալով արդեն մայիսի սկզբին Երևանում կայանալիք հաջորդ՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացվելիք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին և դրա կարևորությանը՝ Սոսի Թաթիկյանն ընդգծել է, որ սա ևս մեկ քայլ է եվրաինտեգրման ճանապարհին։
«Ես՝ որպես Եվրամիության ջատագով, շատ կուզենայի, որ այդ գագաթաժողովում պաշտոնականացվեին Հայաստանի ձգտումները՝ ապագա անդամակցության վերաբերյալ․ խոսքը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմումի մասին է։ Այդուհանդերձ, ես նման տեղեկություն չունեմ ու չեմ էլ կարծում, թե Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ նման ռիսկային քայլ կարող է կատարվել։ Ամեն դեպքում, այդ գագաթնաժողովը ևս մի քայլ է, որ Եվրամիության ամենաբարձր ղեկավարությունը Հայաստան այցելի»,-շեշտել է փորձագետը։
Նա նաև կարծիք է արտահայտել, որ Եվրամիությունը կարող է ինչ-որ չափով ներգրավվել Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ։
«Դա կարող է լինել հաղորդակցությունների ապաշրջափակման, Միջին միջանցքին Հայաստանի մասնակցության և ենթակառուցվածքային այլ նախագծերի շուրջ»,-եզրափակել է Թաթիկյանը։
