Քաղաքականություն

Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը այսօրվա վարչության նիստի օրակարգում չկա. Ալեքսանյան

2 րոպեի ընթերցում

Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը այսօրվա վարչության նիստի օրակարգում չկա. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստի օրակարգում նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

Լրագրողը հետաքրքրվել է՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ-ն պատրաստվում է քննարկել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը, և արդյոք այն ընդգրկված է կուսակցության վարչության նիստի օրակարգում։

«Այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա։ Ձեր նշածը կարգապահական բնույթի հարց է, ու ինստիտուցիոնալ տեսանկյունից մեր կուսակցական մարմիններից ճիշտ կլինի հարցը տաք ոչ թե վարչությանը, այլ Վերահսկող հանձնաժողովին»,-ասել է Ալեքսանյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայկ Սարգսյանն արդեն խիստ նկատողություն է ստացել և արդյոք հաջորդ կարգապահական տույժը չի ենթադրում կուսակցությունից հեռացում, Ալեքսանյանը պատասխանել է․

«Այո, հաջորդ նկատողության պարագայում, ամենայն հավանականությամբ, ենթադրաբար, օբյեկտիվ իրավիճակում այդպես էլ պետք է լինի»։

Հայկ Սարգսյանի շուրջ ներկուսակցական քննարկումները կրկին ակտիվացել են նրա՝ օրերս տված հարցազրույցից հետո, որում նա քննադատություններ և պնդումներ էր հնչեցրել նախկին թիմակիցների և ՔՊ-ի ներսում իր հետ հարաբերությունների վատթարացման պատճառների վերաբերյալ։

Սեպտեմբերի 11-ին վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Սարգսյանի հետ կուսակցության ներսում հարաբերությունները լարվել են ոչ թե նրա քննադատությունների, այլ վերջինիս հետ կապվող մի շարք դեպքերի պատճառով։ Փաշինյանը նաև հայտնել էր, որ Սարգսյանի վերջին հայտարարությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ նշելով, որ այդ հայտարարությունների արդյունքում «մարդ պետք է հայտնվի բանտում», եթե հանցագործություն է կատարվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում