Քաղաքականություն

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

4 րոպեի ընթերցում

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Բելառուսում Հայաստանի դեսպանի՝ Երևանում խորհրդակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը Բելառուսից պարզաբանում կամ ներողություն ստանա 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը խոսել է հարցի մասին այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին հարցրել է, թե որքան են տևելու Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները։

«Ես ամեն դեպքում ուզում եմ շարունակել իմ այս ապշելու թեման, որովհետև կարծում եմ՝ այստեղ շատ տարօրինակ բան կատարվեց դահլիճում։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը զեկուցում է հարցը, այդ կոնտեքստում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներից մեկը նրան հարց է տալիս, հեգնանքով ասում է՝ այդ Բելառուսում Հայաստանի դեսպանին, որ կանչել եք խորհրդակցությունների, ինչքա՞ն է տևելու այդ խորհրդակցությունը, ասեք՝ իմանանք»,-ասաց Ռուբինյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ զարմացած է ընդդիմադիր պատգամավորի նման մոտեցումից։

«Ես տեղում, լուրջ եմ ասում, ապշել եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը կամ Հայաստանի Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ»,-ասաց նա։

Ռուբինյանը հիշեցրեց, որ Բելառուսում ՀՀ դեսպանը խորհրդակցությունների է կանչվել 2024 թվականին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հայտարարություններից հետո։

«Բելառուսում Հայաստանի դեսպանը գիտե՞ք ինչու է կանչվել խորհրդակցությունների։ Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են։ Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է, մեր հետ նույն պաշտպանական կառույցի անդամ է»,-հայտարարեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ դեսպանին խորհրդակցությունների կանչելը հենց այդ հայտարարությանն ուղղված Հայաստանի արձագանքն էր։

«Դրան ի պատասխան Հայաստանի դեսպանը Բելառուսում կանչվել է խորհրդակցությունների։ Ու, այո՛, այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն լսենք։ Պարզ է՝ այդքան կտևեն»,-ընդգծեց ԱԺ նախագահը։

Հայաստանը Բելառուսում իր դեսպան Ռազմիկ Խումարյանին Երևան էր կանչել խորհրդակցությունների 2024 թվականի հունիսի 13-ին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Հայաստանի արձագանքին նախորդել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 2024 թվականի մայիսի 16-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունը։ Բելառուսի նախագահը հիշեցրել էր 2020 թվականի պատերազմից առաջ ունեցած զրույցը՝ նշելով, որ այն ժամանակ քննարկել էին պատերազմը և եկել այն եզրակացության, որ պատերազմում հնարավոր է հաղթել։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում