Քաղաքականություն

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանն ունի շատ էական և առանցքային դեր. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանն ունի շատ էական և առանցքային դեր. Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն երրորդ կողմերի հետ հարաբերությունների հետ և շարունակելու են մնալ ռազմավարական ու եղբայրական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հարցին՝ կապված Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ, թե Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել հայ-վրացական հարաբերություններում, Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Վրաստանն ունի կարևոր դեր։

«Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանն ունի շատ էական և առանցքային դեր, և մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ։ Մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի»,-ասել է վարչապետը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները չեն պայմանավորվում այլ երկրների կամ միավորումների հետ հարաբերություններով։

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Եվ, բնականաբար, այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են, եղբայրական և շարունակելու են այդպես էլ մնալ։ Ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես»,-նշել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում