Քաղաքականություն

Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

5 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին, վերջինս էլ շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ գործընկերության օրակարգ ունեն, որտեղ երկուսն էլ գիտակցում են միմյանց կարևորությունը համաշխարհային գործերում: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջոցառման մասնակից, հնդկական առաջատար Observer Research Foundation ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանը: 

Բնութագրելով «Երևանյան երկխոսություն» համաժողովի կազմակերպումը և միջոցառման նշանակությունը՝ Սամիր Սարանը նշեց. «Մենք կրկին կապվել ենք Հայաստանի մեր ընկերների հետ։ Մենք աշխատել ենք վերջին ամիսների ընթացքում՝ կազմելու միջոցառման օրակարգ, որը կարևոր է աշխարհի համար: Այս միջոցառման շրջանակներում մենք բացահայտել ենք տարբեր երկրների խոսնակների։ Այստեղ ներկա են ավելի քան 61 երկրի ներկայացուցիչներ, որոնք կարող են նպաստել արդյունավետ հաղորդակցությանը»: 

Սարանի խոսքով՝ միջոցառման համար կազմվել է շատ հարուստ ժամանակացույց, որպեսզի մասնակիցները ոչ միայն մասնակցեն բանավեճերի և քննարկումների, այլև մի փոքր տեսնեն Հայաստանն ու ժամանակակից հայկական զարգացումները։   

«Միջոցառումը, կարելի է ասել, մի խառնուրդ է՝ երկրի մասին պատկերացում կազմելու, մասնակիցներին հնարավորություն տալու քննարկել կարևոր հարցեր, և ամենակարևորը՝ ընկերություն հաստատել, որն իր ծագումը կունենա Երևանում: Շատ նոր ընկերություններ այժմ կձևավորվեն Երևանում», - իր խոսքում նշեց զրուցակիցը: 

Սամիր Սարանը նաև իր գոհունակությունը հայտնեց այն առումով, որ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իր գործընկերների հետ և քաղաքացիական հասարակության շատ այլ անդամների հետ: 

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր կարծիքով «Երևանյան երկխոսության» հիմնական ուղերձը՝ Սարանը կարծիք հայտնեց, որ փոքր երկրները, որոնք ունեն ուժեղ ինստիտուտներ և նորարարության ախորժակ, պետք է դառնան գործընկերներ և մասնակիցներ գաղափարների ասպարեզում, որտեղ քննարկվում են վաղվա լուծումները: 

«Երկրների կարևորությունը հիմնված է ոչ թե նրանց չափերի, այլ նրանց իրավասությունների և հնարավորությունների վրա, իսկ Հայաստանը շատ գրագետ և կարող պետություն է, որն աշխարհին առաջարկելու շատ բան ունի։ Եվ դա է հիմնական ուղերձը. եկեք Հայաստան, խոսեք մեզ հետ, մարդիկ լսում են ձեզ, դուք լսեք մեզ և եկեք կառուցենք ավելի լավ ապագա», - շեշտեց Սամիր Սարանը։  

Վերջինս, անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին առավել խորացող հարաբերություններին և համագործակցությանն, ընդգծեց, որ ուժեղ և բարգավաճ Հայաստանը կարևոր է տարածաշրջանի համար, իսկ այս տարածաշրջանը կարևոր է աշխարհի համար։ 

«Մենք պետք է անենք այն ամենն, ինչը հզորացնում է Հայաստանին, ինչը Հայաստանին դարձնում է ունակ՝ նպաստելու համաշխարհային գործերին,  արձագանքելու տարածաշրջանային մարտահրավերներին, խնդիրներին ու հնարավորություններին»,- նշեց Սարանը: 

Սարանի կարծիքով՝ հայ-հնդկական հարաբերություններն ամրապնդում են երկու երկրներին․ այդ հարաբերություններն ուժեղացնում են Հայաստանին, որպեսզի նա կարողանա խաղալ այն դերը, որին ձգտում է,  դրանք ուժեղացնում են նաև Հնդկաստանին, քանի որ վերջինս օգուտ է քաղում հարուստ թվային նորարարություններից և գաղափարներից, որոնք դուրս են գալիս Հայաստանից: 

«Կարծում եմ՝ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հնդկաստանը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին։ Այսպիսով, դա փոխշահավետ գործընկերություն է, որտեղ երկուսս էլ գիտակցում ենք միմյանց կարևորությունը համաշխարհային գործերում», - զրույցի ընթացքում շեշտեց հնդկական առաջատար Observer Research Foundation ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանը:  

Գնահատելով Հայաստանի կառավարության կողմից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը՝ Սամիր Սարանը նկատեց. 

«Հայաստանն ունի շատ հեռատես վարչապետ, որն այս դժվարին ժամանակահատվածում մտածում է խաղաղության մասին: Այսօր առավոտյան նա ներկայացրեց խաղաղության ծրագիրը: Մենք պետք է ծափահարենք նրան և աջակցենք նրա ջանքերին: Կարծում եմ՝ մեզ պետք են ավելի շատ առաջնորդներ, որոնք ձգտում են  խաղաղության, ոչ թե պատերազմի: Աշխարհում կան շատ առաջնորդներ, որոնք հետամուտ են պատերազմին: Հայաստանի վարչապետը խաղաղության է ձգտում, և ես կարծում եմ՝ դա մեծ ներդրում է, շատ հազվադեպ հատկություն այսօրվա աշխարհում»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում