Մերձավոր Արևելք

Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին

2 րոպեի ընթերցում

Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրներն աջակցում են միջնորդ երկրների գործողություններին արմատական ​​պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների և Իսրայելի իշխանությունների միջև անուղղակի բանակցություններում՝ Գազայի հատվածում կայունության հասնելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի հետ հանդիպումից հետո։

«Մենք լիովին աջակցում ենք Եգիպտոսին, Կատարին և ԱՄՆ-ին՝ հրադադարի համաձայնագրի հասնելու իրենց ջանքերում՝ հրադադար, որի մասին բազմիցս հայտարարվել է։ Հայտարարվել է, որ շուտով այն կլինի, բայց դեռ չկա։ Ինչո՞ւ։ Շատ պարզ է՝ որովհետև նրանք, ովքեր պատերազմ են հրահրում, այն դադարեցնելու ցանկություն չունեն», - Բորելի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։ 

Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ գտնի պաղեստինյան անկլավում ստեղծված ճգնաժամը լուծելու համար։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում եգիպտացի նախարարն իր հերթին նշել է, որ Կահիրեն «ԵՄ-ի հետ աշխատում է Գազայում հրադադարի հաստատման համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»։ Աբդել Աթին նաև նշել է, որ հարկավոր է կանխարգելել լարվածությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում՝ խուսափելու լայնածավալ պատերազմից։

Բորելը Եգիպտոս է ժամանել օգոստոսի 9-ին և հանդիպում է ունեցել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ։ Ակնկալվում է, որ Բորելը կմասնակցի Արաբական պետությունների լիգայի նիստին, որը Կահիրեում կկայանա սեպտեմբերի 10-ին: Եգիպտոսից հետո եվրոպական դիվանագիտության ղեկավարը կմեկնի Լիբանան, որտեղ պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ երկրի վարչապետի, արտգործնախարարի և խորհրդարանի խոսնակի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում