Վրաստան

Բորելը հայտարարել է Վրաստանին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու և այնտեղ քաղաքական առաքելություն ուղարկելու մասին

2 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել է Վրաստանին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու և այնտեղ քաղաքական առաքելություն ուղարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիությունը չեղարկում է ֆինանսական աջակցությունը Վրաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նոյեմբերի 18-ի երեկոյան Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ 

«Մենք չեղարկել ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով նախատեսված օգնությունը Վրաստանի զինված ուժերին: Նաև դադարեցվել է 120 միլիոն եվրոյի աջակցությունը Վրաստանի կառավարությանը.... Այդ միջոցները կհատկացվեն քաղաքացիական հասարակությանն աջակցելու ծրագրերին և ուղղակիորեն վրացի բնակչությանը», - Բորելի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքականության մամուլի ծառայությունը։  

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ԵՄ-ն «քաղաքական առաքելություն» կուղարկի Վրաստան՝ «մանրամասն ուսումնասիրելու, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ» հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

«Ես կցանկանայի վրաց ժողովրդին կրկնել այն, ինչ ասացի անցյալ տարի, երբ այցելեցի Վրաստան՝ Եվրոպական միության դուռը բաց է մնում Վրաստանի համար: Բայց երբ հարցը վերաբերում է օրենքի գերակայության և հիմնարար սկզբունքների հարգմանը, ինչպես նաև ընտրությունների անցկացման եղանակին, Վրաստանի ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը հեռացնում է Վրաստանը Եվրոպական միությունից», - հայտարարել է Բորելը։

Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, որն Արևմուտքը համարում է ռուսական։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում