Իրան

Բորելը ԳՀՀԾ-ի մասնակից երկրների հետ քննարկում է բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Բորելը ԳՀՀԾ-ի մասնակից երկրների հետ քննարկում է բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կապի մեջ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հետ առնչություն ունեցող բոլոր կողմերի հետ՝ ուսումնասիրելով բանակցությունները վերսկսելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ISNA գործակալությանը հայտնել է Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն:

Պաշտոնյան նշել է, որ Բորելը կապի մեջ է Իրանի միջուկային համաձայնագրի բոլոր կողմերի հետ՝ «հաղորդակցության ուղիները բաց պահելու և կառուցողական բանակցությունների վերսկսման հնարավորությունը պահպանելու համար»։ Մասնավորապես, Բորելը շփվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Ստանոյի խոսքով՝ ԵՄ-ն ուշադիր հետևում է այն որոշումներին, որոնք Թեհրանն ընդունում է համագործակցության հնարավորության վերաբերյալ։

Օգոստոսին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աշխատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագրին վերադառնալու ուղղությամբ, սակայն դրա համար հարկավոր է փաստաթղթում փոփոխություններ մտցնել։

Վերջին տարիներին կողմերը փորձում էին համաձայնեցնել Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման պայմանները։ Մասուդ Փեզեշքիանը նախընտրական ելույթների ժամանակ խոստացել էր աշխատել այս ուղղությամբ։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանի հետ ստորագրեցին ԳՀՀԾ-ն, որը նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացում՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թ. մայիսին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց միակողմանի հակաիրանական պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանն սկսեց փուլ առ փուլ կրճատել համաձայնագրի շրջանակներում միջուկային ծրագրի սահմանափակման իր պարտավորությունները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որոշակի պայմանների դեպքում միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում