Մերձավոր Արևելք

Բորելը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարների դեմ

2 րոպեի ընթերցում

Բորելը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարների դեմ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն պետք է քննարկի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի և երկրի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Գազայի հատվածի բնակիչների մասին նրանց արած հայտարարությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մինչ աշխարհը ձգտում է հրադադարի հասնել Գազայի հատվածում, նախարար Բեն Գվիրը կոչ է անում կրճատել վառելիքի մատակարարումը և օգնությունը քաղաքացիական բնակչությանը», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև քննադատել է Սմոտրիչի «չարագույժ հայտարարությունները»՝ դրանք համարելով «ռազմական հանցագործությունների» հրահրում։

«Պատժամիջոցները պետք է լինեն ԵՄ-ի օրակարգում», - նշել է Բորելը:

Նա նաև Իսրայելի կառավարությանը կոչ է արել «հեռու մնալ պատերազմական հանցագործություններ կատարելու այս հրահրումներից»:

Բորելը նաև հորդորել է Իսրայելին «բարի կամք» դրսևորել հրադադարի և ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների ազատ արձակման գործարքի շուրջ բանակցություններում։

Սմոտրիչն ավելի վաղ հայտարարել էր, որ 2 միլիոն պաղեստինցիների սովամահությունը «կարող է արդարացվել» ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ղեկավարները կոչ էին արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին օգոստոսի 15-ին վերսկսել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ իսրայելական պատվիրակությունը կմասնակցի բանակցություններին։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել դրանց։

Իսրայելը խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է շուրջ 39 800 պաղեստինցի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում