Աշխարհ

Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի նախագահի պաշտոնում Մադուրոյի հաղթանակը

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի նախագահի պաշտոնում Մադուրոյի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հավաստի չի համարում Վենեսուելայի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակվել են երկրի Ազգային ընտրական խորհրդի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։ 

Ըստ հայտարարության՝ միջազգային դիտորդները «հստակ մատնանշել են», որ հուլիսի 28-ին Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, իսկ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը մինչև այժմ չի հրապարակել ընտրատեղամասերից ստացված արձանագրությունները, որոնք կհաստատեին ընտրություններում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը։ 

«Ընտրություններում քվեարկության արձանագրությունների պատճենները, որոնք հրապարակվել են ընդդիմության կողմից և դիտարկվել մի քանի անկախ կազմակերպությունների կողմից, ցույց են տալիս, որ Էդմունդո Գոնսալես Ուռուտիան, ըստ երևույթին, նախագահական ընտրությունների հաղթողն է ձայների զգալի գերակշռությամբ», - նշվում է Բորելի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտել էր, որ Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչում ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսին։

Վենեսուելայի ընտրական խորհուրդը հայտարարել է, որ ձայների 51 %-ով նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն, որը երկրի ղեկավարն է 2013 թվականից։ Սակայն ընդդիմությունը նշում է, որ քվեաթերթիկների շուրջ 90 %-ի՝ իր կողմից իրականացված հաշվարկը ցույց է տալիս, որ ընտրություններում հաղթել է Գոնսալեսը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում