Հայ-լիտվական կապեր, Հայաստան-Սիրիա. գրականագետ Ֆելիքս Բախչինյանը հետաքրքիր բացահայտումներ է արել

14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանն իր գործունեության ընթացքում գիտական աշխատություններով բացահայտել է հայ-լիտվական մշակութային կապերը, նպաստել դրանց զարգացմանն ու ամրապնդմանը, անդրադարձել հայ և օտար հեղինակների՝ հանրահռչակելով նրանց, իսկ գեղարվեստական ստեղծագործություններով ընթերցողներին է ներկայացրել սիրիական աշխարհը, սիրիահայերին, հայ-սիրիական հարաբերությունները:

Այս տարի Ֆելիքս Բախչինյանը տոնեց ծննդյան 70-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակիցը Բախչինյանի հետ զրույցում անդրադարձել է հեղինակի ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագներին, հայ-լիտվական գրականության նմանություններին և մի շարք այլ հարցերի:

-Պարոն Բախչինյան, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո Վիլնյուսի պետական համալսարանում զբաղվել եք հայ-լիտվական գրական և մշակութային կապերի ուսումնասիրմամբ: Ինչո՞վ է ձեզ գրավել լիտվական գրականությունը, ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

-Յոթերորդ դասարանում ուսումնասիրում էի լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուրադաս Մեժելայտիսի ստեղծագործությունները, որոնք հայերեն էին թարգմանել ժամանակի ամենամեծ բանաստեղծները՝ Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը և Գևորգ Էմինը: Սիրահարված էի Մեժելայտիսի պոեզիային: Իմ կյանքում տեղի ունեցավ մի ճակատագրական դեպք. մինչ Լիտվա մեկնելը հրատարակեցի երկու փոքրիկ գրքույկ` առաջինը նվիրված էր հայ-լիտվական գրական-մշակութային կապերին, մյուսը՝ Մեժելայտիսի հոդվածներին՝ նվիրված Նարեկացուն, Թումանյանին, Իսահակյանին և Սևակին: Ինձ աշխատանքից հեռացրին` գրքույկները հակախորհրդային համարելով, այնինչ Մեժելայտիսը, լինելով մեծ բանաստեղծ, նաև խորհրդային բոլոր տիտղոսներն ուներ: Այս ամենից հետո որոշեցի ուսումս շարունակել Լիտվայում: Երկու տարում գրեցի «Հայաստանը Մեժելայտիսի ստեղծագործություններում» մենագրությունը, որը թարգմանվեց և՛ ռուսերեն, և՛ լիտվերեն:

-Իսկ Լիտվայում գտնվելու տարիներին հայ-լիտվական կապերի վերաբերյալ ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ եք արել:

-Հայտնաբերեցի, որ Լիտվայում մինչ օրս կա Արմենիշկյայ գյուղաքաղաքը: Արմենիշկյայ նշանակում է հայկական: Այդտեղով հոսում է Արմենա (Հայաստան) գետը և Արմենյուկաս (փոքրիկ հայ) գետակը: Երբ մեկնեցի այդ քաղաք և հանդիպեցի քաղաքապետին, հարցրի, թե ինչո՞ւ է քաղաքն այդ անունը կրում, և պարզվեց, որ ոչ միայն նա, այլև շատերը չէին մտածել այդ հարցի շուրջ: Նման են նաև հայերենն ու լիտվերենը: Հայերեն շուն, իսկ լիտվերեն շուա, հայերեն մահ, իսկ լիտվերեն միրտիս, հայերեն լեզու, իսկ լիտվերեն լեժուվիս և այլն: Հետաքրքիր պատմական կապեր կան: Երբ հայերը փախել են Անիից, բնակություն են հաստատել նաև Լիտվայում: Լիտվացի է մեծ կինոռեժիսոր Արմենասը: Արմենաս նշանակում է հայ: Այսպես ասած, բանաստեղծական նմանություններ հայտնաբերեցի նաև գիտական, հայ-լիտվական գրական կապերի մեջ: Մեր գրական կապերը սկիզբ են առնում դեռևս 17-րդ դարում: Լիտվական գեղարվեստական գրականության հիմնադիր Քրիստիոնաս Դոնելայտիսը օգտագործել է Մխիթար Գոշի առակները, որոնցից ազդված գրել է իր առակները: Նրանց գեղանկարչության հիմնադիրներից մեկը հայ է: Խոսքը Յան Ռուստեմի մասին է, որի իսկական անունն է Հովհաննես, իսկ ազգանունը` Առուստամյան: Նա եղել է Վիլնյուսի պետական համալսարանի պրոֆեսոր: Եղել է ուկրաինացի մեծ գրող, նկարիչ Տարաս Շևչենկոյի ուսուցիչը: Շևչենկոն Ուկրաինայում ճորտ է եղել, Առուստամյանը նրան գնել է և նկարչություն սովորեցրել: Լիտվացի բոլոր մեծ գրողները թե՛ դասական, թե՛ ժամանակակից կապ են ունեցել Հայաստանի հետ: Այցելել են Հայաստան, թարգմանել մեր գրողների գործերը, գրել հայ գրականության մասին: Օրինակ`Սիգիտաս Գյադան լիտվերեն է թարգմանել և իր միջոցներով հրատարակել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Լիտվացի գրողներից շատերին մենք ըստ արժանվույն չենք գնահատել: Մեժելայտիսին գնահատել ենք. նա Չարենցի անվան մրցանակի էր արժանացել ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ էր: Նրա շնորհիվ էր, որ լույս աշխարհ եկավ Սևակի «Եղիցի լույսը»: Գիրքը «բանտարկված» էր, և մեր Կենտկոմի գաղափարական գծով քարտուղար Կառլեն Դալլաքյանը մեկ օրով մեկնում է Մեժելայտիսի մոտ և հարցնում, եթե թույլ տան գրքի վաճառքը, տեր կկանգնի՞: Մեժելայտիսն ու Սևակը լավ բարեկամներ էին և գրական լաբարատորիաներում ուսումնասիրել էին մարդուն: Մեժելայտիսը գրել է «Մարդը», Սևակը՝ «Մարդը ափի մեջ»: Մեժելայտիսը ասում էր, որ ինքն ու Սևակն ազդվել են համաշխարհային գրականությունից ու շեշտում էր, որ ամեն դեպքում իր և Սևակի ստեղծած մարդն իրենցն է: 1965-ին Սևակը «Մարդը» գիրքը թարգմանեց հայերեն: Դիմելով Մեժելայտիստին` գրքի առաջին օրինակի վրա Սևակը գրել է. «Քեզնից քոնը քեզ մատուցանեմ»: Այդ օրինակն այժմ Լիտվայի գրականության և արվեստի թանգարանում է:

-Երկկողմանի կապերը պահպանելու, զարգացնելու նպատակով դուք և այլ գործիչներն ի՞նչ քայլեր եք իրականացնում այսօր:

-Երկու երկրների միջև բարեկամությունը շատ խորն է: Լիտվական հանրագիտարանում հայ գրականությանը, հայ ճարտարապետությանը, հայ արվեստին նվիրված մեծ ու լուրջ հոդվածներ կան, որոնք գրել է Յուրգիս Բալտրուշայտիսը: Նա թարգմանել է Վահան Թեքեյանի ու Ալեքսանդր Ծատուրյանի գործերից: Նրա որդին`պատմաբան Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերը, նույնպես հոդվածներ է գրել հայ ճարտարապետության մասին. մի քանի տարի առաջ հրատարակվել է նրա գիրքը, որը Նախիջևանի հայկական խաչքարերի մասին է: Զարմանալի չէ, որ 2005 թվականին Լիտվան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

-Գրել եք բազմաթիվ մենագրություններ, գեղարվեստական գրքեր, ձեր թարգմանությունները բարձր գնահատանքի են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ձեր ծավալած հասարակական, գրական գործունեությամբ հանրահռչակել եք մեր հերոսներին, գրողներին, բարձրաձայնել եք Հայոց ցեղասպանության հարցը: Ո՞ր գրքերի հրատարակումն եք հատկապես շատ կարևորում:

-Աշխատել եմ ոչ կանոնակարգված ու գրել եմ այնպիսի գրքեր, որոնք պատիվ կբերեն ցանկացած գրողի, գրականագետի, բայց նաև անդրադարձել եմ անունների, որոնց այսօր չէի անդրադառնա: Հայաստանում չկա մի գրականագետ, որ այդքան գրախոսականներ գրած լինի հայ ժամանակակից գրողների մասին: Կարծում եմ` պետք է արժևորել ժամանակակիցներին, օգնել նրանց, որ մենակ չզգան իրենց, լքված չզգան, գնահատված լինեն: Յուրաքանչյուր գրողի սեղծագործություններում կարելի է դրականը գտնել, ինչը նրանց ոգևորում է և թույլ է տալիս շարունակել աշխատել: Իմ ամենալուրջ աշխատանքն եմ համարում Մեժելայտիսին նվիրված «Լիտվական պոեզիայի ասպետը» մեծածավալ հատորը, որը գրել եմ տասը տարվա ընթացքում: Նրա մասին նույնիսկ Լիտվայում կամ Խորհրդային Միության երկրներում նման աշխատություն չի գրվել: Անցյալ տարի Մեժելայտիսի 100-ամյակն էր, և ինձ հաջողվեց երկրորդ անգամ հրատարակել նրա «Իմ կրկնակի Արարատը» գիրքը, որտեղ հեղինակի հոդվածներն են մեր մեծ գրողների՝ Նարեկացու, Քուչակի, Թումանյանի, Չարենցի, Սևակի, Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի մասին: Գրքում տեղ են գտել նաև Հայաստանի մասին նրա 43 բանաստեղծություններն ու նամակները: Մեժելայտիսն առաջին բանաստեղծն էր, որը 1975 թվականին գրեց Հայոց ցեղասպանության մասին: Երկրաշարժի ժամանակ է նաև մեզ շատ օգնել: Հաջորդ կարևոր մենագրությունը երջանկահիշատակ Գարեգին Առաջին կաթողիկոսին է նվիրված: Նրան ճանաչել եմ. հրաշալի անձնավորություն էր: Կարծում եմ՝ արժանին եմ մատուցել մեծ հային, մեծ մարդուն, մեծ հոգևորականին: Կարևորում եմ նաև կարելների և ֆինների ազգային «Կալեվալա» էպոսի հայերեն թարգմանությունը:

-Պարոն Բախչինյան, ձեր 70-ամյակի կապակցությամբ Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարը ձեզ շնորհակալություն էր հայտնել, քանի որ դուք հայերեն եք թարգմանել «Լաչպլեսիս» պոեմը: Ի՞նչ արժեք ունի այդ գործը: Այն կարո՞ղ է գրավել հայ ընթերցողների լայն շրջանակի ուշադրությունը:

-«Լաչպլեսիս»-ը ժողովրդական էպոս է: Պարզվում է՝ այդ էպոսը միայն 13 լեզվով է թարգմանվել այդ թվում և հայերեն: Լատվիական այլ գործ չեմ թարգմանել, բայց լատվիական գրականության մասին հոդվածներ գրել եմ:

-Չեք շրջանցել Սիրիան: Սիրիա այցելելուց հետո գրել եք հետաքրքիր ստեղծագործություններ, որոնք թույլ են տալիս ձեր աչքերով տեսնել այդ երկիրը…

-2009 թվականի ապրիլին Հայաստանի ատրգործնախարար Վարդան Օսկանյանն ու նրա տիկինը ինձ հրավիրեցին Սիրիա: Ես լավ չգիտեի Սիրիայի, սիրիահայերի պատմությունը: Հենց այդ տարի որոշեցի գնալ նաև Դեր Զոր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հիշարժան էր այն, որ մեր մեկնելու հաջորդ օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր տիկնոջ հետ այցելեց Հալեպ` հանդիպելու մանկատան հայ սաներին: Նա դա արեց ապրիլի 24-ին ընդառաջ: Ես հիացած եմ արաբ ժողովրդով, քանի որ նրանք Հայոց ցեղասպանությունից հետո իրենց երկրում ընդունել են 600 հազար հայի, և սփյուռքը սկսվում է հենց Սիրիայից: Հայերն էլ դարձել են այդ երկրի իսկական քաղաքացի, աշխատել են, ստեղծագործել են: Սիրիայում ծանոթացա Եսայանների ընտանիքի հետ. ընտանիքի հայրն ամեն օր դիմավորում էր Երևանից եկող ինքնաթիռը: Նա չէր ճանաչում ուղևորներին, բայց մտածում էր, որ անպայման կգտնվի մեկը, ով օգնության կարիք կունենա: Նա մինչև իր մահը իր տուն էր բերում Հայաստանից եկած մարդկանց, որոնք նյութական կամ այլ խնդիրներ ունեին: Նրա որդիների ուղեկցությամբ շրջեցի Հալեպում, ուսումնասիրեցի ամեն ինչ ու գրեցի առաջին գիրքը սիրիահայերի մասին` «Հայոց արմատի ուժը», հետո` «Հորդ հայության առուները»: Այն միայնակ հայի մասին էր, որը մեծ բարեգործ էր ու նվիրված էր եկեղեցուն, Հալեպի մշակութային կյանքին, երրորդ գիրքը երկհատորանոց աշխատություն է՝ «Հալեպ`փրկության ափ»: Չորրորդ գիրքը Գարեգին Առաջինի մասին էր: Այդ գիրքն այստեղ նույնպես հիշատակում եմ, որովհետև Գարեգին Առաջինը Քեսապից էր:

-Եթե չեմ սխալվում, առիթ եք ունեցել հյուրընկալվելու Հալեպի «Բարոն» հանրահայտ հյուրանոցում, ինչից հետո գրել եք «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գիրքը: Կնրեկայացնե՞ք այդ երեկոյի տպավորությունները:

- «Բարոն» հյուրանոցը կառուցել են արաբկիրցի Մազլումյանները ավելի քան հարյուր տարի առաջ: Այնտեղ հյուրընկալվել են նշանավոր մարդիկ, օրինակ` Վիլյամ Սարոյանը, Ագաթա Քրիստին, Յուրի Գագարինը, Վալենտինա Տերեշկովան, այլք: Պարզվեց, որ ես պետք է գիշերեմ Աթաթուրքի անունը կրող սենյակում: Սարսափեցի. ուզում էի դուրս գալ ու այլ սենյակում մնալ, բայց համարձակվեցի փակել դուռը: Վախենում էի, որ գուցե պատշգամբից Աթաթուրքը ներս մտնի: Ամբողջ գիշեր աչք չփակեցի, ինձ թվում էր՝ ես նստած եմ, իսկ նա իմ թիկունքում կանգնած է: Այդ ժամանակ գրեցի «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գիրքը, որը հետո դարձավ ֆիլմ՝ «Մի գիշեր «Բարոն» հյուրանոցում» վերնագրով: Գլխավոր դերում Հովիկ Հովեյանն է: Իսկ վերջին գիրքը «Դեժավյուն» է:

-Ներկայումս ի՞նչ գործերի վրա եք աշխատում, ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունեք:

-Անկախ նրանից, թե քանի տարեկան ես, մեծ երջանկություն է, երբ ապրում ես քո տանը: Կան մարդիկ, որոնք երեխաներին տանում են մանկատուն, երեխաներն էլ ծնողներին են տանում ծերանոց: Ընկերներիցս մեկն այժմ ծերանոցում է: Մի՞թե ավելի լավ չէ, երբ երեխան գալիս է տուն ու տեսնում է ծնողներին, իսկ ծնողները` երեխաներին: Ընկերոջս՝ ծերանոցում գտնվելու փաստն ինձ վրա շատ ազդեց: Ինչ պայմաններ էլ լինեն ծերանոցում, միևնույն է, այնտեղ շատ տխուր է: Այդ մասին շատ կարճ ժամանակում գրեցի մի գործ, որում ընկերոջս անունը չեմ հիշատակում: Գիրքը կոչվում է «Կողոպտված ծերություն»: Այլևս գրականագիտական որև բան չեմ գրելու: Ինձ գտնում եմ գեղարվեստական գրականության մեջ: Գրելու եմ կարճ պատմվածքներ, և ինձ թվում է, որ այս գործը բավականին հետաքրքիր կլինի ընթերցողների համար:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում