Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով երկու կողմում էլ արձանագրվել են զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը երկրի 12 շրջաններում ուկրաինական 373 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Ըստ Բրյանսկի իշխանությունների՝ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից Կլիմովո բնակավայրում 19-ամյա երիտասարդ է զոհվել, ևս երկու մարդ՝ վիրավորվել։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ գիշերն ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքում հրդեհ է բռնկվել։ Մի քանի հերթապահ աշխատակցի հաջողվել է դուրս գալ շենքից։ Փլատակներում կարող են մարդիկ լինել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ Ռուսաստանը գիշերը երկրի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռներ և 186 ԱԹՍ, որոնցից խոցվել է 150-ը։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Կիևում ԱԹՍ-ն հարվածել է 24-հարկանի բնակելի տան։ Երկու մարդ զոհվել է։ Մեկ զոհ էլ գրանցվել է Կիևի մարզում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով։ Եվս երկու մարդ զոհվել է Խարկովի մարզի Կորոտիչ բնակավայրում։

Այս հարվածներին զուգահեռ շարունակվում է բանակցային գործընթացը։ Հոկտեմբերի 20-ին հակամարտության լուծման նոր առաջարկներ են ներկայացվել Օսլոյում Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցել են նաև եվրոպացի ղեկավարներ։ Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ ՌԴ նախագահի հետ բանակցությունների։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ բանակցություններին կարող է միանալ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, որն Օսլոյի հանդիպմանը նույնպես միացել էր տեսակապով՝ հիվանդության պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում