Իրան

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իրաքյան Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բացվի նավերի համար», - ասել է դիվանագետը։

Արաղչին նշել է, որ մինչև Իրանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնության ձեռքբերումը «նեղուցը, բնականաբար, փակ կմնա»։

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է կատարի հունիսին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը։

Ցանկացած կողմի բարձրացրած հարցը կարող է քննարկվել բանակցությունների եզրափակիչ փուլում, հավելել է նախարարը:

Արաղչին նաև մերժել է ամերիկյան տնտեսական պատժամիջոցներն ու ռազմական սպառնալիքները։

«Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ ընդունելի լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են», - նշել է նա։

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել են հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում էր ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման վերացում՝ Թեհրանի կողմից կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի բացման դիմաց։ Սակայն ավելի ուշ կողմերը դադարել են կատարել հուշագրի պայմանները և վերսկսել ռազմական գործողությունները։ Ներկայում փոխադարձ հարվածները դադարել են, բանակցությունները նույնպես փակուղում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում