Փեզեշքիանը Լավրովի հետ հանդիպմանն Իրան-Ռուսաստան ավելի սերտ համագործակցության կոչ է արել
2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 19-ի երեկոյան ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ընդգծել Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնությունների իրականացումն արագացնելու անհրաժեշտությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հաղորդում է, որ Փեզեշքիանն առաջնահերթություն է համարել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և էլեկտրակայանների ենթակառուցվածքների ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդումը։
Իրանի նախագահն ու ՌԴ արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
Փեզեշքիանը նաև նշել է, որ օգտագործելով իրենց ընդհանուր ներուժը և տարածաշրջանային ու միջազգային մեխանիզմները՝ Իրանը և Ռուսաստանը կարող են արդյունավետ դեր խաղալ խաղաղության, կայուն անվտանգության և բազմաբևեռ աշխարհակարգի ամրապնդման գործում։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Մոսկվա առաջիկա այցն անհրաժեշտ հիմքեր կստեղծի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման և համաձայնեցված ոլորտներում շոշափելի արդյունքների հասնելու համար։
Փեզեշքիանը նաև երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահի, կառավարության և ժողովրդի դիրքորոշման ու աջակցության համար ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի ընթացքում։
Լավրովն իր հերթին Փեզեշքիանին հայտնել է իրանցի պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին՝ նշելով, որ քննարկվել են քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային կապերը։ Նա ընդգծել է գործող համաձայնությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը։