Մերձավոր Արևելք

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում

3 րոպեի ընթերցում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին նախագահել է Ազգային պաշտպանության խորհրդի նիստը, որի արդյունքում որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային Եմենի հութիների դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եգիպտոսի նախագահական գրասենյակը։

Նախագահության պաշտոնական խոսնակը հայտարարել է, որ Ազգային պաշտպանության խորհուրդը քննարկել է տարածաշրջանային զարգացումները և տարածաշրջանում տեղի ունեցող վտանգավոր սրացումները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ անընդունելի հարձակումները:

Նիստի ընթացքում խորհուրդը որոշել է անվերապահ աջակցություն և լիակատար համերաշխություն ցուցաբերել Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝  հիմնվելով երկու եղբայրական երկրների ժողովուրդներին միավորող պատմական հարաբերությունների և ամուր կապերի վրա։ Բացի այդ, որոշվել է Սաուդյան Արաբիային տրամադրել անհրաժեշտ և հնարավոր աջակցություն՝ նրա անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու, ինչպես նաև ռեսուրսները, տարածքային ամբողջականությունը և իսլամական սրբավայրերը պահպանելու գործում։

Եգիպտոսը նաև որոշել է շարունակել և ինտենսիվացնել քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը՝ համակարգելով համապատասխան տարածաշրջանային և միջազգային կողմերի հետ՝ նպաստելու ամբողջ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և տարածաշրջանում առկա ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտին X-ում կատարած գրառման մեջ հայտնել է, որ սաուդցի իր գործընկերոջ՝ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման կարևորությունը։

Նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, քննարկել տարածաշրջանային զարգացումներն՝ ընդգծելով «լարվածության թուլացման, բանակցությունների և Պարսից ծոցի անվտանգության նկատմամբ հարգանքի կարևորությունը»։

Հութիների և Եմենի կառավարական ուժերի միջև բախումները շարունակվում են։ Հութիները հայտնել են կառավարական ուժերի հարվածների հետևանքով 30 զոհի և վիրավորի մասին։ Շարժումն իր հերթին հարվածել է Սաուդյան Արաբիային, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։ Թագավորությունը հայտնել է 6 վիրավորի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում