Լիբանանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Իսրայելի կողմից շարունակական էսկալացիան
3 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում քննարկվել է Լիբանանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը վերջին զարգացումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լիբանանի հարավում տիրող իրավիճակին՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից այդ տարածքում գյուղերի և քաղաքների վրա շարունակվող հարձակումները։
«Նախագահ Աունը խնդրել է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու այդ հարձակումները, հետևելու շրջանակային համաձայնագրի պայմաններին, դադարեցնելու բուլդոզերներով քանդման գործողությունները և թույլ տալու գյուղացիներին մուտք գործել իրենց դաշտեր՝ առանց հարձակումների ենթարկվելու», - նշված է հայտարարության մեջ։
Նախագահ Աունը վստահեցրել է, որ բանակը և անվտանգության ուժերը լիովին կատարում են իրենց պարտականությունները՝ զենքի և զինամթերքի առգրավման, ինչպես նաև մաքսանենգության դեմ պայքարի վերաբերյալ որոշումների կատարման գործում։ Նա հավելել է, որ դատական մարմինները հետևում են իրենց ուղղված բոլոր գործերին, և որ մեղավորների նկատմամբ մեղմ վերաբերմունք չի լինի. օրենքը կկիրառվի առանց որևէ կողմնակալության։
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան նշել է, որ Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել լիբանանյան և իսրայելական ուժերի միջև ուղիղ ռազմական կապ հաստատել «հակամարտության դադարեցման համար»։ Պաշտոնյանի խոսքով՝ պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է «Հեզբոլլահ»-ից հարյուրավոր կիլոգրամ պայթուցիկ նյութերի առգրավման հարցին։
Նա կոչ է արել Աունին պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հրամայել, ֆինանսավորել և ուղղորդել են այդ բեռի տեղափոխումը, ինչպես նաև «ընդգծել է, որ պայթուցիկ նյութերը «Հեզբոլլահ»-ին վերադարձնելը բացարձակապես անթույլատրելի է»։
«Հեզբոլլահ»-ի անդամներից մեկն ավելի վաղ հայտարարել էր, որ անցյալ շաբաթ լիբանանյան անվտանգության ուժերի կողմից առգրավված պայթուցիկ նյութերը պատկանում էին խմբավորմանը։