Մերձավոր Արևելք

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

3 րոպեի ընթերցում

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը կոչ է արել անկլավում իշխանությունը շտապ փոխանցել հատուկ ստեղծված տեխնոկրատների ​​կոմիտեին՝ հումանիտար օգնության մատակարարումների նոր ճգնաժամի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հաղորդագրություն է տարածել X հարթակում։

Բարձր ներկայացուցիչը նշել է, որ նամակ է ստացել Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունից (COGAT), ըստ որի ՀԱՄԱՍ շարժման սպառնալիքների պատճառով կասեցվել է մասնավոր հատվածի կողմից Գազա ապրանքների մատակարարման համակարգումը։ Մլադենովը դա անընդունելի է որակել։

«Այս իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչու է անհրաժեշտ հրատապ սկսել Գազայի կառավարման ազգային կոմիտեի աշխատանքը՝ միջազգային կայունացման ուժերի աջակցությամբ։ Քաղաքացիական մատակարարումները,  հումանիտար օգնությունը և առևտրային գործունեությունը պետք է պաշտպանված լինեն արտաքին միջամտությունից, ճնշումից և չարաշահումից։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն Խաղաղության խորհրդի հետ և առանց հապաղման ապահովեն համապարփակ ծրագրի իրականացումը, որը հավանության է արժանացել  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2803 բանաձևով», - գրել է Մլադենովը։

Նա հավելել է, որ առևտրականների ահաբեկումը և մատակարարման շղթաներին միջամտությունը միայն «խորացնում է Գազայի խաղաղ բնակիչների տառապանքները»։  

Գազայում ՀԱՄԱՍ-ի վերահսկողության ներքո գտնվող իշխանություններն, իրենց հերթին, հերքել են նման մեղադրանքները, որոնք հնչեցրել է նաև Իսրայելը։ Գազայի իշխանությունները կոչով դիմել են ՄԱԿ-ի կառույցներին, Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին՝ խնդրելով ապահովել հումանիտար օգնության կանոնավոր մատակարարումներն անկլավին։

Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում: Խաղաղության խորհուրդն ստեղծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան ՝ Գազայի կառավարման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում