Մերձավոր Արևելք

Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել

Եմենի առողջապահության նախարարը հայտնել է, որ Ադեն քաղաքում ալ-Մաաշիկ նախագահական պալատին հութիների հրթիռային հարվածների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ տեղեկությունների՝ հութիները նախագահական պալատը թիրախավորել են հինգ հրթիռով։ Վարչապետը և մյուս պաշտոնյաներն անվտանգ են, սակայն հարձակման հետևանքով երկու թիկնապահ է զոհվել:

Պալատի շրջակայքից բարձրացող ծուխ է նկատվել։

Պալատը համարվում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող, միջազգայնորեն ճանաչված կառավարության կենտրոնակայանը և իշխանության նստավայրը:

Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է, որ վերջին 11 օրվա ընթացքում Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը ենթարկվել է հութիների կողմից առնվազն 20 հարձակման։ Թիրախում են հայտնվել նաև տասնյակ այլ օդանավակայաններ, նավթային օբյեկտներ և նավահանգիստներ։

Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ երկու ավիահարված է հասցվել Եմենի Թաիզի նահանգում հութիների դիրքերի ուղղությամբ։

Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շարժման պաշտոնական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հաստատել է, որ հակաօդային պաշտպանությունը Մարիբի նահանգի օդային տարածքում խոցել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային պատկանող Wing Loong II զինված հետախուզական անօդաչու թռչող սարքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում