Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում
2 րոպեի ընթերցում

Իրաքի իշխանությունները հուսով են, որ երկրի հյուսիսում թուրքական ռազմական ներկայության դադարեցման հարցը կլուծվի առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Asharq Al-Awsat թերթը՝ վկայակոչելով Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Սաբահ ան-Նումանին։
«Կառավարությունը սահմանել է առաջիկա երկու-երեք ամիսներին գործողությունների ժամանակացույց՝ երկրի հյուսիսում տեղակայված ռազմակայաններում թուրքական ռազմական ներկայությունը դադարեցնելու նպատակով։ Ռազմակայանների ընդունման միջոցառումներն իրականացվում են աստիճանաբար»,- նշել է նա։
Ըստ ան-Նումանի՝ կառավարության վերջնական նպատակն է դադարեցնել օտարերկրյա ռազմակայանների և զորքերի ներկայությունը Իրաքի ողջ տարածքում՝ ամրապնդելու ազգային ինքնիշխանությունն ու անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու ինքնուրույնությունը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Իրաքի վարչապետ Ալի ազ-Զաիդին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին հոկտեմբերի 1-ից սկսել թուրքական ուժերի փուլային դուրսբերումը Մոսուլի մերձակա Բաշիքա շրջանում գտնվող Զլիկանի ռազմակայանից։
Զլիկանում թուրքական ռազմակայանը ստեղծվել էր 2015 թվականին՝ Թուրքիայի և Իրաքյան Քուրդիստանի կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Պաշտոնական Անկարան դրա օգտագործումը հիմնավորել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով տեղական ուժերին պատրաստելու անհրաժեշտությամբ։ Պաշտոնական Բաղդադը բազմիցս հայտարարել է, որ երկրում թուրքական ռազմական ուժերի չարտոնված ներկայությունը խախտում է Իրաքի ինքնիշխանությունը։