Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet
2 րոպեի ընթերցում

Իսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունն, քանի որ ստացել են տեղեկատվություն, որ օդաչուներից մեկն Ինդոնեզիայի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իսրայելական Ynet լրատվական հարթակը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ Հարթակի տվյալներով՝ Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռն Ադիս Աբեբայի օդանավակայանից մեկնում էր Թել Ավիվ։ Վերելքից հետո Իսրայելի ծառայություններն ստացել էին անձնակազմի անդամների ցուցակը և պարզել, որ օդաչուներից մեկն ինդոնեզացի է։ Իսրայելի ավիացիոն կանոնների համաձայն՝ երկրի տարածք թռիչքներ չեն կարող կատարել այն օդաչուները, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող պետությունների քաղաքացիներ են։
Վայրէջքի թույլտվության մերժումից հետո ինքնաթիռը վերադարձել է Եթովպիա՝ նախապես թափելով վառելիքը։ Օդաչուն փոխարինվել է, ինչից հետո ինքնաթիռը կրկին մեկնել է Իսրայել և վայրէջք կատարել Թել Ավիվի օդանավակայանում։
Ինչպես նշում է հարթակը, Flydubai ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Իսրայելի իշխանությունները խստացրել են օդային տարածքի նկատմամբ վերահսկողությունը և սկսել են ավելի հանգամանալից ստուգել երկիր ուղևորվող ինքնաթիռների անձնակազմի անդամների և ուղևորների ցուցակները։
Սեպտեմբերի 30-ին Flydubai-ի չվերթը, որը Դուբայից ուղևորվում էր Թել Ավիվ, արտակարգ վայրէջք է կատարել Թաբուկի օդանավակայանում, քանի որ երկրորդ օդաչուն հարձակվել էր օդանավի հրամանատարի վրա՝ փորձելով զավթել և կործանել ինքնաթիռը, ինչի հետևանքով երկուսն էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ էին ստացել։ Ուղևորների միջամտության շնորհիվ ողբերգությունը կանխվել էր։ Օդանավում գտնվող մյուս օդաչուները կարողացել էին վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։