Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) շարունակվող էբոլա տենդի բռնկումը տարածվել է արդեն ութերորդ նահանգում։ Երկրի Առողջապահության նախարարության կողմից հոկտեմբերի 18-ին հրապարակած վերջին զեկույցի համաձայն՝ ԿԴՀ հյուսիսում գտնվող Նորդ-Ուբանգիի նահանգում հաստատվել են վարակման նոր դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ Նորդ-Ուբանգիի նահանգում վարակվել է մոտ 20 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը մահացել է։ Զեկույցում վարակի աղբյուրը չի նշվում։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակման 9415 հաստատված դեպք, այդ թվում՝ 4536 մահ։ Մահացության մակարդակը կազմել է 48,2 տոկոս։
ԿԴՀ արևելյան Իտուրիի նահանգը շարունակում է մնալ բռնկման էպիկենտրոնը։ Իտուրիին է բաժին ընկնում երկրում հաստատված բոլոր դեպքերի ավելի քան 73 տոկոսը։ Երկրորդ տեղում հարևան Հյուսիսային Կիվուի նահանգն է։
Մայիսին հայտարարված էբոլայի բռնկումը դարձել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում երբևէ գրանցված ամենախոշոր և ամենամահաբեր բռնկումը, ինչպես նաև աշխարհում երկրորդ խոշորագույնը՝ 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում տեղի ունեցած համաճարակից հետո, որն ավելի քան 11 000 մարդու կյանք է խլել:
Իր հերթին, Քենիան հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին երկրում գրանցվել է էբոլայի 8-րդ դեպքը: Հոկտեմբերի 17-ին հաստատվել էր 4 նոր դեպք: Նրանցից երեքը բուժաշխատողներ էին, որոնք բուժել էին էբոլայով առաջին հիվանդին, որը Նայրոբի էր ժամանել ԿԴՀ-ից և մահացել հոկտեմբերի 5-ին: Չորրորդ վարակվածն առնչություն ուներ մահացած հիվանդի հետ: