Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը
2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա տենդով հաստատված վարակման դեպքերի թիվն այժմ գերազանցում է 12 հազարը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին վկայում են նոյեմբերի 26-ին հրապարակված կառավարական տվյալները։
Տվյալների համաձայն՝ հաստատված վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12 021-ի, մահացել է 5904 մարդ։
Համաճարակը պայմանավորված է էբոլա վիրուսի հազվագյուտ՝ Բունդիբուգիո տեսակով։ Բռնկումը հայտարարվել է մայիսի կեսերին՝ Կոնգոյի հյուսիսարևելյան Իտուրի նահանգում, և այդ ժամանակից ի վեր տարածվել է երկրի 26 նահանգներից ութում։
Վիրուսի այս տեսակի դեմ հաստատված բուժման միջոցներ կամ պատվաստանյութեր դեռ չկան։
Վարակման դեպքերի ուշ հայտնաբերումը, զինված հակամարտությունները և առողջապահական ծառայությունների ծանրաբեռնվածությունը նպաստել են վարակի ավելի արագ տարածմանը։
Ներկայիս համաճարակը գրանցված պատմության մեջ երկրորդ խոշորագույնն է և ամենամահաբերը՝ զիջելով միայն 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում տեղի ունեցած բռնկմանը, որի ընթացքում վարակվել էր ավելի քան 28 600 մարդ, մահացել՝ ավելի քան 11 հազարը։
Համաճարակը դեռևս վերահսկողության տակ չի վերցվել։ Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (Africa CDC)՝ այս ամսվա սկզբին ներկայացրած տվյալների համաձայն՝ նոր վարակման դեպքերի միայն 15 տոկոսն է արձանագրվում այն մարդկանց շրջանում, որոնք նախկինում հայտնի են եղել առողջապահական մարմիններին որպես վարակակիրների հետ շփում ունեցած անձինք։ Սա նշանակում է, որ վարակի փոխանցման բազմաթիվ շղթաներ շարունակում են չբացահայտված մնալ։