Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները
4 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին Ռուսաստանում բանակցություններ կվարի Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ։ Հոկտեմբերի 20-ին նա Օսլոյում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ. վերջինս նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք Ուիթքոֆը պետք է փոխանցի Ռուսաստանի իշխանություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Զելենսկու և Ուիթքոֆի հանդիպմանը մասնակցել են նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները բանակցություններին միացել է տեսակապի միջոցով՝ հիվանդության պատճառով։
«Մենք ունենք մի քանի հստակ գաղափար, թե ինչպես հասնել խաղաղության։ Մենք միասնական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ այս ջանքերում։ Մենք կցանկանայինք, որ ամերիկացիներն այս գաղափարները փոխանցեին ռուսներին», - ասել է Զելենսկին Օսլոյում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Սպասվում է, որ Ուիթքոֆը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զելենսկին հավելել է, որ շարունակում է ձգտել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպման, որտեղ, նրա կարծիքով, կարելի է քննարկել ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքային։ Կրեմլում բազմիցս հայտարարել են, որ Պուտինը կարող է հանդիպել Զելենսկու հետ միայն Մոսկվայում, սակայն Ուկրաինան մերժում է այդ առաջարկը։
«Կարևոր գաղափարներից մեկը հնարավոր եռակողմ գագաթնաժողովի անցկացմանն անցնելն է, որին կմասնակցեն առաջնորդները, որպեսզի լուծվեն այն հարցերը, որոնք կարող են լուծել միայն առաջնորդները։ Սթիվը վաղը մեկնում է Ռուսաստան։ Տեսնենք, թե ինչ կասի Պուտինը», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ առանց հստակեցնելու, թե Օսլոյում կոնկրետ ինչ նոր նախաձեռնություններ են քննարկվել։
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հաստատել է, որ Օսլոյում քննարկվել են առաջարկներ, «որոնց վրա աշխատում են եվրոպացի և ամերիկացի գործընկերները, և որոնք, հնարավոր է, ճանապարհ բացեն առաջնորդների մակարդակով հանդիպման համար»։
Հոկտեմբերի 20-ին նման եռակողմ հանդիպման անցկացման հնարավորությունը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չգիտեմ, ինձ թվում է՝ նույնիսկ հարկավոր չէ, որ նրանք նույն սենյակում լինեն, նրանք կարող են դա անել այլ կերպ։ Նրանց համար դժվար է նույն սենյակում լինել։ Ինձ համար միևնույն է, թե ինչպես դա կիրականացվի», - պատասխանել է նա լրագրողների այն հարցին՝ արդյոք Զելենսկին և Պուտինը պետք է անձամբ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը։
Օսլոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նորվեգիայի վարչապետը նշել է նաև, որ քննարկվել են «Ուկրաինայի անվտանգության, պատերազմից հետո բարգավաճման ծրագրի, տարածքների և պատժամիջոցների, ինչպես նաև եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետության հետ կապված հարցեր»։
ԱՄՆ վարչակազմում BBC-ի աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան կողմը Ուիթքոֆի և Քուշների հետ Զելենսկու բանակցությունները գնահատել է որպես «արդյունավետ և կառուցողական»։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան առաջ է քաշել նոր գաղափարներ և առաջարկներ, կողմերը նշանակալի առաջընթաց են գրանցել «Ռուսաստանի հետ բանակցությունների համակարգված մոտեցման և դիվանագիտական գործընթացի առաջմղման վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման հարցում»։