Միջազգային

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է ասում, թե ինչ պետք է անել:

«Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը միանգամից մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, մինչդեռ այդ ժամանակ չէր հասցրել արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանը հայտարարել էր, որ պետք չէ կրակը դադարեցնել»,- նշել է Զատուլինը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով` ցինիկ է, երբ զենք է մատակարարվում երկու կողմերին, ավելի ցինիկ է, երբ զենք է մատակարարվում մի կողմին: «Եվ այս դեպքում հենց դրանով էլ զբաղվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք մատակարարում են (Ադրեջանին- խմբ.) ավելի շատ զենք, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը պահպանում էր բալանսը տարածաշրջանում: Այդ բալանսը խախտվել է, և դա է ռազմական գործողությունների վերսկսման պատճառը»,- ընդգծել է Զատուլինը:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մեծ հույս ունի, որ, չնայած նրան, որ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից հետո արձանագրվում են փոխհրաձգություններ և կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, ամեն դեպքում կրակի դադարեցման համաձայնությունը և խաղաղ բանակցությունների դաշտ տեղափոխումը կյանք կստանա և, ի վերջո, կստիպի չեղարկել ռազմական ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում