Բերդի քաղաքապետը դրական ակնկալիքներ ունի համայնքների խոշորացման ծրագրից 

15:58, 14 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համայնքների խոշորացման ծրագրի դրական և բացասական կողմերը ցույց կտա աշխատանքային գործընթացը։ 
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը և ընդգծեց, որ իրենք ակնկալում են դրական փոփոխություններ։ 
«Սա նոր մոդել է, բայց որքանով ծանոթացել ենք փաստաթղթերով և Կառավարության որոշումներով, դրական ակնկալիքներ ունենք։ Համայնքների խոշորացման դրական ու բացասական կողմերը ցույց կտա արդեն աշխատանքային գործընթացը»,- նշեց Մանուչարյանը։ 
Մեջ բերելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դպրոցների օպտիմալացման հետ կապված խոսքերը՝ քաղաքապետն ընդգծեց, որ այդպիսի բան սահմանամերձ գյուղերում չի լինելու։ 
«Ես մի քանի օր առաջ հանդիպել եմ վարչապետի հետ, և նա վստահեցրեց, որ սահմանամերձ գյուղերի դպրոցները չեն մտնում այդ ձևաչափի մեջ։ Այսպիսի գյուղերում պետք է ավելի շատ ներդրումներ լինեն, որպեսզի սահմանին մոտ ապրող երեխան լուրջ կրթություն և դաստիարակություն ստանա»,- ասաց Բերդի քաղաքապետը։ 
Խոսելով Տավուշի մարզում ներդրումների մասին՝ Հարություն Մանուչարյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին ներդրումներ եղել են սահմանամերձ գյուղերում։ 
«Այս պահին կան լուրջ կազմակերպություններ, որոնց հետ բանակցում ենք։ Մենք ոչ միայն Բերդ քաղաքի, այլև հարակից գյուղերի ժողովրդին բոլոր հնարավորությունները տալիս ենք, որպեսզի կարողանան գալ և հենց այստեղ իրենց գործունեությունը ծավալել և ներդրում ունենալ»,- նշեց քաղաքապետը։ 


© 2009 ARMENPRESS.am