Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

«Այն երջանիկներից եմ, ովքեր վարձատրվում են իրենց հոբբիի համար». երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանի «Նորամուտ»-ը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

***
Ես քեզ ընտրել եմ
չկարդացած բոլոր գրքերի
և չնայած բոլոր ֆիլմերի
փոխարեն…

Արմեն Սարգսյան

Յուրահատուկ ձեռագիրն ու ինքնատիպ ստեղծագործությունները բանասեր-բանաստեղծ Արմեն Սարգսյանին վերջին երկու-երեք տարում երիտասարդության շրջանում սիրված հեղինակ դարձրին: Նրա «Չկարդացած գրքերի փոխարեն» ժողովածուի բանաստեղծությունները պարբերաբար հայտնվում են սոցցանցերում, ժողովածուի համար էլ 2016 թ. ստացել է գրականության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը: Նրա բանաստեղծությունները պարզ են, բայց ոչ՝ պարզունակ, թեթև են, բայց յուրահատուկ իմաստ ու ներքին ուղերձ են պարունակում: 26-ամյա գրողն «Արմենպրես»-ի հեղինակային  «Նորամուտ» նախագծում պատմում է գրականություն մուտք գործելու, սիրելի հեղինակների, ստեղծագործական ոլորտի խնդիրների ու այլ թեմաների մասին: Ի դեպ, հատուկ «Արմենպրես»-ի համար Արմենը տեսանյութում ընթերցել է իր նոր և դեռևս չհրապարակված բանաստեղծություններից:

Առաջին քայլերը

Ստեղծագործել սկսել եմ դպրոցական տարիներից: Գրածներս բանաստեղծություններ չէին, հանգավորված տողեր էին: Դրանք առավել հասուն շրջանում հրապարակվեցին «Արևածաղիկ» ամսագրում, որտեղ ես արեցի իմ ստեղծագործական-լրագրողական առաջին քայլերը: Այդ բանաստեղծություններն այսօր բացարձակ չեմ հավանում: Իմ ուսուցիչ Նունե Ալեքսանյանը մի օր ինձ ասաց. «Արմե՛ն, բանաստեղծությունները միայն հանգավոր տողեր չեն»: Այդ օրն ինձ համար ճակատագրական դարձավ: Եւ ես հասկացա, որ հանգերը կաղապարում են ստեղծագործողին միտքն ազատ շարադրելու հարցում: Եւ ես որդեգրեցի վերլիբր բանաստեղծական ժանրը, որով մինչև այսօր շարունակում եմ ստեղծագործել:

...Իմ առաջին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» գրքում որևէ հանգավորված բանաստեղծություն չկա: Ժողովածուում տեղ գտան 2016 թ. գրածներս: Մինչ այդ գրածներս ոչ ոքի չեմ ցույց տալիս: 

Ամեն օր մտածում ես, որ նախորդ օրը վատն է, և կարծում եմ, որ դա ստեղծագործական կյանքի շարժիչ ուժն է: Պետք չէ տեղում մնալ:

Մուտքը գրականություն

Առաջին լուրջ մուտքս գրականություն եղավ 2015 թ.: «Գրանիշ» գրական կայքում հրապարակվեց «Մոպասանի 11-րդ էջում» բանաստեղծական շարքը, որը շատ մեծ տարածում գտավ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևորը հաջող մուտքն է: Եվ պարզվեց, որ «Գրանիշ»-ում այդ տարի այդ շարքս ամենաընթերցվածն էր: Դրան հաջորդեցին բանաստեղծական շարքեր այլ հարթակներում:

Մասնագիտության ընտրությունը

Մասնագիտությունը մարդու մանկական հետաքրքրությունների խորացումն է: Ես բանասերի մասնագիտությունն ընտրել եմ 6-րդ դասարանում, որովհետև պարզապես սիրում էի իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչին: Եվ պիտի ասեմ, որ դպրոցական տարիներին մասնագիտությունների մասին լավ պատկերացում չունեի:

Բնագիտությունից չէի կաղում: Սովորաբար բանասերները մաթեմատիկա չգիտեն: Բայց ես մաթեմատիկա իմացող լեզվաբան եմ, և դա իմ առավելությունն է: Չէ՞ որ հումանիտար գիտություններում էլ մաթեմատիկա կա:

Եթե ժամանակը ետ տայինք, դարձյալ նույն մասնագիտությունը կընտրեի: Հետո աշխատանքի բերումով դարձյալ շարունակեցի իմ գործունեությունը գրականության բնագավառում, և այն երջանիկներից եմ, ովքեր վարձատրվում են իրենց հոբբիի համար:

Սիրելի հեղինակները

Ես ակտիվ ընթերցող եմ, շատ եմ կարդում: Ե՛վ հայ, և՛ համաշխարհային գրականությունից շատերն են ազդել իմ գրականության վրա: Վիլյամ Սարոյանի գրականությունը շատ եմ սիրում: Հրանտ Մաթևոսյանն էլ ինձ համար արձակի գագաթն է:

«Չկարդացած գրքերի փոխարեն»

Վերնագիրը շատ պատահաբար ծնվեց: Հեղինակի համար շատ կարևոր է ունենալ լավ վերնագիր: Գիրքը ուր որ է պետք է տպարանից դուրս գար, միջուկը պատրաստ էր, սակայն կազմի վրա վերնագիր չկար: «Չկարդացած գրքերի փոխարեն» վերնագիրն ինձ շատ կարևոր մարդ հուշեց: Առաջարկեց բանաստեղծություններիցս մեկի համատեքստից ընտրել: Եվ ծնվեց այն, ինչ կա: Գրքում 119 բանաստեղծություններ կան, որոնք բաժանված են մի քանի շարքերի՝ ըստ հոգեվիճակի, տրամադրության:

ՀՀ նախագահի մրցանակը

Լավ է, երբ ընթերցողն է քեզ հավանում, և լավ է, երբ մասնագիտական խորհուրդն է քեզ հավանության արժանացնում: Կենսագրությունում, դրսում ներկայանալու համար քո անցած ճանապարհը շատ ավելի լուրջ է ընկալվում: Գալիս են ժամանակներ, մոռացվում են նախագահները, բայց հիշվում է, որ դու ինչ-որ պահի ստացել ես ինչ-որ մրցանակ:

Ժամանակակից գրականության խնդիրներ

Հայ ժամանակակից գրականության առաջնային խնդիրներից մեկը Հայաստանից դուրս ապրող բազմալեզու ընթերցող հասարակությանը ճանաչելի և ընկալելի դառնալն է: Հայաստանում կա փոքր լսարան, այստեղ ստեղծագործելով հնարավոր չէ գումար վաստակել, իսկ ստեղծագործական աշխատանքը նաև գումար պետք է բերի, որպեսզի հեղինակը դրան սովորական աշխատանքի պես վերաբերի:

Գրական գործակալի դպրոցը պետք է ավելի լավ հիմքերի վրա դրվի: Պետք են լավ թարգմանիչներ, այսինքն՝ թարգմանչաց դպրոցը պետք է դրվի լավ հիմքերի վրա: Եվ պետական ավելի մեծ հոգածություն է պետք հայ գրականությունն այլ լեզուներով թարգմանելու ու տարածելու համար, որպեսզի մենք նվաճենք այլ աշխարհամասեր:

Ժամանակակից գրականությունն իր լավագույն ընթացքի մեջ է, զերծ է ամեն տեսակի անազատություններից: Կարծում եմ, շատ տարիներ հետո մենք միայն հիացմունքով կխոսենք 21-րդ դարում ստեղծված գրականության մասին:

Նոր ընթացք

Երբ կարդում էի երկրորդ գրքիս համար գրած բանաստեղծություններս, հասկացա, որ դրանք ժամանակավրեպ են, և որոշ մասը դուրս հանեցի այդ շարքից: Հույս ունեմ, որ նոր գիրքս շատ չի ուշանա: Հայաստանյան վերջին զարգացումների հետ կապված՝ պետք է այնպես աշխատել գրքի վրա, որպեսզի ուրիշ Հայաստանում այդ բանաստեղծությունները ևս հետաքրքիր լինեն:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր «Նորամուտ» խորագրով նախագիծը: «Նորամուտ»-ի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններին, բեմադրիչներին, նկարիչներին, երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս: «Նորամուտ» երիտասարդական նախագծի համար գործակալությունը 2016 թ. արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ