Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


 ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է«Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»։

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հոլիվուդի լեգենդ, աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին։ «Համոզված չեմ, որ կարող եմ ասել ավելին, քան ասվել է: Սա պարզապես ցավոտ դաս է այն մասին, թե ինչ են մարդիկ անում, թե ինչ սարսափելի արարքների են նրանք ընդունակ բացարձակ հիմար պատճառներով: Ամեն ինչն է հուզիչ, չեմ կարող որեւէ հատված, պատմության որեւէ մաս տարանջատել մյուսից: Դա սարսափելի էր»,- նշեց աշխարհահռչակ դերասանը՝ հավելելով, որ ցնցված է իր տեսածից ու լսածից:

Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամյա գրող Դողան Աքանլիին: Այս մասին տեղեկացնում է իսպանական El Pais-ը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտահանձնել Աքանլիին՝ նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրյալ կապեր ունենալու մեջ: Իսպանական կառավարության նման որոշումը, սակայն սպասելի էր՝ հաշվի առնելով, որ անցած տարվա սեպտեմբերի 29-ին այն մերժել էր նաև Անկարային արտահանձնել ազգությամբ թուրք Շվեդիայի քաղաքացի լրագրող Համզա Յալչինին»,- գրում է թերթը:

Երևանի հիմնադրման 2799-րդ  տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան և աշխարհ

Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Համաձայնագրի նպատակներն են ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: «Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջՀամատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»,- մասնավորապես ընդգծել է ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին՝ ներկայացնելով ԵԱՏՄ-ում տնտեսական աճի հետագա ապահովման համար անհրաժեշտ քայլերը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին: Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Հայաստանը և Իրանը վերահաստատել են բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը: Նման հայտարարությամբ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին: Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Իրանի նախագահի նստավայրում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Կարեն Կարապետյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։

Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Հայաստանի մարզերում իրականացվող մարզային զարգացման 7 պիլոտային ծրագրեր։ 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ 7 պիլոտային ծրագրեր իրականացնելու համար ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 10 մլն եվրո, իսկ ՀՀ կառավարությունը՝ 1,75 մլն եվրո։                        

Հոկտեմբերի 9-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Հնգօրյա որավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին բոլոր երկրների օրհներգերը, իսկ զորավարժությունների բացումն ազդարարվեց մասնակից ուժերի միասնական քայլերթով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ներկայացրեց առաջիկա 5 օրերին անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում կայացել է սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը:

Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում նախատեսվում են դրական փոփոխություններ՝ համապատասխան սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության այլ կոլեգիալ մարմինների հետ կապված: Նշվում է, որ նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է  եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին:

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի տաղավարից գողության փորձ են կատարել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ: Տոնավաճառում Հայաստանի տաղավար են մտել երկու ադրբեջանցի, վերցրել գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել իրենց հետ: «Մենք կարգի հրավիրելու պահանջով հետևել ենք այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել: 

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելով Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին: «Ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում»,- նշել է ՀՀ Նախագահը։ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն: ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին: Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր շարունակում են իրենց զգալի ներդրումն ունենալ մայրաքաղաքի ձեռքբերումներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը, որն այսօր աշխարհի դինամիկ զարգացող քաղաքներից մեկն է, առաջ է գնում հաստատուն քայլերով՝ շնորհիվ բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը:

Արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններն այս տարի աննախադեպ ընդունելություն են իրականացրել: Ինչպես նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործականև միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, միջին մասնագիտական հաստատություններ են ընդունվել է 7 հազար 374 ուսանող, նախնական մասնագիտական հաստատություններ` 3 հազար 777: «Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ ավելացել է: 2016-2017 ուսումնական տարվա տվյալների համեմատ այս երկու ուղղություններով ընդունելության ցուցանիշը 2000-ով ավելին է»,-ասաց Արտակ Աղբալյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ի ֆոտոարխիվի 10 հազար լուսանկարի թվայնացման իրականացման մասին։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.am կայքում։

Սփյուռք

Գրողն ի վիճակի է փոխել մի ամբողջ հասարակություն, և այսպիսի համաժողովների նպատակը մեր գաղափարական մտածողությունը,  առանց վախենալու կարելի է ասել մեր երկրի ժողովրդի ապագան համակարգելն ու կարգավորելն է: Այս մասին Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին ասաց Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ  Սերժ Սրապիոնյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն սփյուռքահայ գրողների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են վերջին չորս տարվա ընթացքում: «Համաժողովին 17 երկրից 46 գրող է մասնակցում: Այս տարի մեզ են միացել գրողներ նաև Արցախի Հանրապետությունից: Առաջին անգամ է, որ միջոցառումն այսքան հարուստ է զեկույցներով ու ելույթներով, քանի որ հասունացած նյութը շատ է»,-ասաց Միլիտոնյանը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը:

Աշխարհահռչակ երաժիշտ, «System of A Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն «Օրրան» բարեգործական կազմակերպությանն է նվիրաբերել իր կիթառը, որով հանդես է եկել վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ: Այն հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացած «Օրրան»-ի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքի ժամանակ վաճառվել է տասնյոթ հազար դոլարով: Նվիրատվություններ են կատարել նաև խմբի մյուս տղաները:  Ընթրիքին հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի «Օրրան»-ին՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական համալիր ծառայություններ իր երևանյան և վանաձորյան կենտրոններ հաճախող 300 կարիքավոր երեխայի և 100 միայնակ տարեցի:

Միջազգային խճանկար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդիսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա օգտին քվեարկել է 132, իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84  պատգամավոր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: ԵԽԽՎ-ում հայաստայան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ստելա Կիրյակիդիսն ընտրվել է՝ չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: «Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե՝ Ստելլա Կիրիակիդիս, 84 քվե՝ Էմանուելիս Զինգերիս»,- գրել է Հովհաննիսյանը:

Կատալոնիայի գլխավոր խորհրդի նախագահ Կարլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Կատալոնիան շարունակելու է շարժվել անկախության հռչակման ուղիով: «Մենք առկախում ենք անկախության հռչակումը մի քանի շաբաթով, քանի որ ցանկանում ենք խելամիտ երկխոսություն և միջնորդություն ունենալ Իսպանիայի պետության հետ»,- ընդգծել է Պուչդեմոնը: 2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցածների շուրջ 90.18 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալուն: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը համաձայնության են եկել երկրի Սահմանադրության փոփոխման հարցը քննարկելու անհրաժեշտության շուրջ՝ Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար:

Իրաքի համերկրային իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որը պայմանավորված Է քրդական ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի անցկացմամբ: Իրաքի դատարանը որոշում Է կայացրել Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու վերաբերյալ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հավաստել Է, որ Բաղդադը ուժի չի դիմի քրդական ինքնավարության շուրջ ստեղծված իրադրության կարգավորման համար, որտեղ սեպտեմբերի վերջին անցկացվել Է անկախության հանրաքվե: Նա հայտարարել է, որ Իրաքի տարածքային ամբողջականության և միասնության ճանաչումը հանդիսանում է Իրաքյան Քուրդիստանի հետ երկխոսություն սկսելու նախապայման:

Իրանը վճռական գործողություններով Է սպառնացել ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերի Էլիտային ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու դեպքում: Թեհրանի դիրքորոշումը շարադրել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Ավելի վաղ Կորպուսի հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել Է, որ ԻՀՊԿ-ն հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի քայլին եւ ամերիկացի զինծառայողներին որպես ահաբեկիչների կվերաբերի հատկապես Մերձավոր Արեւելքի գոտում։

Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է Թուրքիայում ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը առկախելու մասին։ ԱՄՆ-ը նման քայլի է դիմել՝ կապված Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի՝ Մեթին Թոփուզի կալանավորման հետ: Ի պատասխան ամերիկյան կողմի նման քայլի՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը թվիթերյան իր էջում հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ իրենք ևս դադարեցնում են ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել Է տնտեսության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկրի անունը, մրցանակ, որը հաճախ անվանում են «Տնտեսության գծով Նոբելյան մրցանակ»: 49-րդ մրցանակը հանձնվել Է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին վարքագծային տնտեսության բնագավառում կատարած հետազոտությունների համար:

ԱՄՆ-ն  տեղեկացրել է Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կառույցը լքելու որոշման մասին: Նման որոշման համար հիմք են ծառայել մի շարք գործոններ՝ նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ցուցաբերվող հակաիսրայելական կանխակալ մոտեցումը: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեզեր Նաուերթի տարածած հայտարարությունում ասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի դեկտեմբերի 31-ից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կպահպանի կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 58 անդամ-պետություններ հոկտեմբերի 13-ին Օդրի Ազուլեին (Ֆրանսիա) նշանակել են կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար ներկայացրել էին ինը թեկնածուի, նրանց թվում էր նաև Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբուլօղլին, ով ստացել էր ընդամենը 2 ձայն:

Հյուսիսային Կալիֆորնիայում անտառային հրդեհները չեն մարվում, կրակը շարունակում է ոչնչացնել բնակավայրեր: Հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասնում է 36-ի, իսկ 300 հոգի համարվում է անհետ կորած: Հրդեհը մարելու համար տեղում աշխատում է 9 հազար հրշեջ, բայց ուժեղ քամիների հետևանքով առաջանում են կրակի նոր օջախներ: Այդ տարածքներում հրդեհի հետևանքով արդեն ոչնչացվել է 5 հազար 700 կառույց: Ավելի քան 90 հազար մարդ էվակուացվել է: Հրդեհների պատճառը դեռ հայտնի չէ:

Մշակույթ

Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով: Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ:

Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 13-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ նրա անվան գրական մրցանակի հանձնման արարողությունը: Լավագույնը ճանաչվեցին երիտասարդ ստեղծագործողներ Գայանե Հովհաննիսյանը, Մարիամ Սարգսյանը, Սրբուհի Խաչատրյանը և Լորետա Մուրադյանը: Մրցանակաբաշխությանը ներկա էր Լևոն Անանյանի որդին՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: «Ինձ ուրախացնում է, որ այս տարի մրցանակների են արժանանում  իգական սեռի ներկայացուցիչները: Դա փաստում է, որ մեր գրականությունը հարստանում է կին ստեղծագործողներով: Կարծում եմ, որ դա հորս կուրախացներ»,-նշեց Անանյանը:

Սպորտ

Վանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքական անմասն չմնաց մեդալներից։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղն ավարտեց 1։1 արդյունքով՝ Ղազախստանի հավաքակնի հետ խաղում: Հայաստանի հավաքականը հավաքեց միայն 7 միավոր՝ զբաղեցնելով նախավերջին տեղը խմբում:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Հովհաննես Սարգսյանը Թայլանդում, 10-րդ բացարձակ կարգի Աշխարհի առաջնությանը գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ բացարձակ հաղթանակ տանելով անգամ ճապոնացի մարզիկի նկատմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայում հայտնվել է D դիվիզիոնում: Նույն դիվիզիոնում Վրաստանը, Մակեդոնիան, Ադրբեջանը, Ֆարերյան կղզիները, Բելառուսը, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Լատվիան, Մոլդովան, Ջիբրալթարը, Սան-Մարինոն, Անդորրան, Կոսովոն և Մալթան: Այս դիվիզիոնում կլինեն 4 խումբ 4-ական թիմով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է աշխարհի ֆուտբոլիստների այն խորհրդանշական հավաքականի կազմում, որոնք չեն մասնակցի աշխարհի առաջնությանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ