Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լեգենդար Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

Լեգենդար Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով: Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: Փառատոնը բացվեց հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

 «Շատ ոգևորված ենք ու կարծում եմ` հիանալի համերգ է մեզ սպասվում:  Երկար ենք պատրաստել ծրագիրը, մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել:  Ներկայացնելու ենք հատված Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից: Սիմֆոնիայի անունը «Խոստովանություն» է: Այն մարդու պայքարն է հանուն բարոյական արժեքների, հավատքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը: «Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, և այն ներկայացնել համերգին,  պարզվեց որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն: Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»,-ասաց Սմբատյանը:

Անդրադառնալով Ջոն Մալկովիչի ֆիլմերին` նվագախմբի ղեկավարը խոստովանեց, որ դրանք բոլորն էլ լավն են: «Սիրում եմ նրա կինոնկարները և մարմնավորած կերպարները: Ջոնը հավատում է, որ այն, ինչը տեքստային ձևաչափով է տեղի ունենում և  երաժշտության ներքո կարող է մարդուն փոխել: Հուսամ, որ այսօրվա նրա ելույթը, որն ուղղված է համամարդկային արժեքներին, ամենասիրելին կդառնա բոլորիս համար»,-եզրափակեց Սմբատյանը:

Հայաստանում ներկայացված գործով երաժշտությունը գրականության հետ էր մեկտեղվել: Այն պարանոյայի տարրեր էր պարունակում, ինչպես Սաբատոյի տեքստը։ Սաբատոյի հիմնական ասելիքն այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը:

Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: Դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ: Համերգներին կներկայացվի Սերժ Թանկյանի «Օրկա» համերգային նախագիծը, ելույթներ կունենան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը եւ այլք:

Փառատոնին համերգներ կանցկացվեն նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան մրցույթի այս տարվա դափնեկիրները:

Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]