Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ՀՀ Նախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 12-ին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում: 

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից: 

Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ