Ժամանակակից գրականությունը պարզունակ լինել չի կարող. Հուսիկ Արա

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու որդիները», «Լուսանցքի մարդիկ», «Ազատության հրապարակ», «Տան դուռը», «Երևան քաղաք» և այլ գրքերի հեղինակ, բանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ ժամանակակից գրականությունը բազմաոճ է, բազմաժանր, գրողներն ինքնատիպ են և ունեն իրենց յուրահատուկ ձեռագիրը: Շուտով նա կհրատարակի իր բանաստեղծությունների նոր ժողովածուն, որը բաղկացած է տարբեր շարքերից: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հուսիկ Արայի հետ:

- Ինչու՞ ընտրեցիք Հուսիկ Արա գրական անունը:

- Անձնագրով Ֆելիքս Եղիազարյան եմ, սակայն իմ ծննդավայրում՝ Մրգավետ գյուղում, բոլորն ինձ Հուսիկ են ասում: Միայն դպրոցական և ուսանողական ընկերներս են Ֆելիքս անվամբ դիմում: Ի սկզբանե չեմ սիրել Եղիազարյան ազգանունը. չեմ կարող բացատրել, թե ինչու: Արան ինձ շատ է դուր գալիս: Հայ ժողովուրդը ունեցել է Արա Գեղեցիկ, միմյանց արա-ով ենք հաճախ դիմում, ի վերջո Հուսիկ Արան ավելի բանաստեղծական է հնչում, քան Ֆելիքս Եղիազարյանը:

- Ինչու՞ որոշեցիք վերցնել գրիչն ու ստեղծագործել: Ինչու՞ նախապատվությունը հենց բանաստեղծությանը տվեցիք:

- Ես չորոշեցի, գրականությունը որոշեց: Դպրոցում բանաստեղծություններ ընթերցելիս մորս ասում էի, որ եթե հարյուր տարի առաջ ծնված լինեի, անպայման գրող կդառնայի: Մի օր էլ մեծանուն Ավետիք Իսահակյանի «Էյ, ջան հայրենիք» բանաստեղծությունը կարդացի ու ոգեշնչված փորձեցի մի բան գրել: Այդ օրվանից սկսվեց իմ ստեղծագործական կյանքը: 17 տարեկան էի, երբ «Կայծ» բանաստեղծությունս տպագրվեց «Ավանգարդ» թերթում: Հետագայում գործերս լույս են տեսել նաև ժամանակի լավագույն «Գարուն» ամսագրում: Այդ տարիներին լուսահոգի Լևոն Անանյանն էր գլխավոր խմբագիրը, հրաշալի խմբագրակազմ էր: Ասեմ, որ վեպեր, վիպակներ, անգամ պիեսներ եմ գրել, բայց կրկին վերադարձել եմ բանաստեղծություններին:

- Երբ մուտք գործեցիք գրական դաշտ, ի՞նչ իրավիճակ էր տիրում: Այսօր այդ ոլորտում ինչպիսի՞ առանձնահատկություններ կան:

- Բավականին բարդ է գրական ասպարեզ մտնելը՝ անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում: Երբ ես ոտք դրեցի հայ գրականություն, այն ոչ ոքի պետք չէր (ցավում եմ, որ այսպես եմ ասում): 90-ականներից սկսած գրականությունը նահանջ էր ապրում, ասես կորցրել էր իր լուրջ դերակատարությունը:

Մեր օրերում, կարծես, դրական շարժ կա, մենք հաճախ գրում ենք, քանի որ չենք կարող լռել: Երբեմն ինքնաբավ ենք, երբեմն՝ ոչ:

- Առհասարակ գրականությունը միտված է վեր հանել անհատի, հասարակության, երկրի խնդիրները, նաև մատնանշել դրանց լուծման ճանապարհները: Մեր օրերում շատերը, խոսելով հայ ժամանակակից գրականության մասին, պնդում են, որ այն այդ գործառույթը չի իրականացնում, որ այն պարզունակ է, ոչ հեռանկարային: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

- Այդպես ասել են դեռ Հոմերոսի ժամանակներում, Դանտեի, Թումանյանի, Չարենցի ժամանակներում, հիմա էլ են ասում: Դա նորություն չէ: Միշտ էլ թերահավատություն կա ժամանակակից գրողի հանդեպ: Երբ նոր մարդ է մտնում սրահ, սեղանի մոտ նստած մարդիկ նրան չեն վստահում:

Ժամանակակից գրականությունը պարզունակ լինել չի կարող: Փառք Աստծո, ներկայումս չկա գրաքննություն, և այսօրվա գրականությունը բազմաոճ ու բազմաժանր է: Վերջերս հանդիպեցի մի ամերիկացի հրատարակչի: Նա հարցրեց, թե ո՞րն է հայ գրականության ոճը: Պատասխանեցի, որ չկա միասնական ոճ, գրական ոլորտում վառ անհատականություններ են, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ է և իր ձեռագիրն ունի: Մեկը մյուսին նման չէ: Այսօր կան ուշադրության արժանի լուրջ գրողներ և՛ արձակում, և՛ պոեզիայում: Պոետներից են Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Ավագ Եփրեմյանը, Ներսես Աթաբեկյանը, հետաքրքիր ստեղծագործողներ են Էդուարդ Հարենցը, Անի Ամսեյանը: Վերջինիս ոճն ինձ շատ հարազատ է: Արձակագիրներից են Գուրգեն Խանջյանը, երիտասարդ գրողներ Արամ Պաչյանը, Գրիգը, Սուսաննա Հարությունյանը: Թող ինձ ներեն այն գրողները, որոնց անուններն այս պահին չեմ նշում: Տաղանդավորները շատ են: Ունենք նաև ակտիվ գրաքննադատներ, որոնք իրենց գործունեությամբ գրական միջավայր են ստեղծում: Նրանք են՝ Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, Սուրեն Աբրահամյանը:

- Մի առիթով նշել եք, որ հայերը ստեղծող, արարող ժողովուրդ են, սակայն՝ նյութապաշտ: Ինչու՞: Դուք դեռ այդ կարծիքի՞ն եք:

- Հայերս նյութին շատ կապված ենք: Մեզ նյութապաշտ դարձրել են մեր ճակատագիրը, տեղահանվելու պատճառները: Գուցե դարեր շարունակ տեղից տեղ գնալով մեզ պետք է եղել մեզ հետ պաշար, նյութ վերցնել: Մենք կարող ենք մեծ գումարներ տրամադրել կենցաղային պարագաներ գնելուն, սակայն հաճախ մոռանում ենք հոգևոր սննդի մասին:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեր «Աստծո հետ խոսելու ժամանակը» բանաստեղծությունների ժողովածուի հիմքում մարդու ընդվզումն է Աստծո դեմ: Ըմբո՞ստ անձնավորություն եք:

- Չեմ կարող ասել, որ ըմբոստ եմ, բայց կյանքում կան շատ բաներ, որոնց հետ համամիտ չեմ ու չեմ կարողանում հարմարվել դրանց: Ուզում եմ մի բան փոխել, և այդ ցանկությունը տևական բնույթ ունի: Աստվածաշնչում ասվում է, որ անքննելի են Աստծո գործերը, բայց դու մարդ ես ու ցանկանում ես որոշ հարցերի պատասխաններ ստանալ: Եթե սա է Աստծո ստեղծած երկիրը, եթե այն այսպիսին է, ես չեմ կարող դա ընդունել պատերազմների, թշվառության, երեխաների զրկանքների պատճառով: Ինչպես Դոստոևսկին է ասում, աշխարհում ոչ մի բան չարժե երեխայի մի կաթիլ արցունքին: Եթե մի երեխա լաց է լինում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Իսկ մարդկային տառապանքը, ողբերգությունը, կորուստները միշտ կան ու կլինեն: Մենք գալիս ենք երկիր ավելի շատ տառապելու, չարչարվելու, քան լավ զգալու համար: Փաստորեն, Աստծո ստեղծած երկիրը կատարյալ չէ: Գուցե նա արարել է մարդուն, որպեսզի մարդն աշխարհը կատարյալ դարձնի: Կարծում եմ, որ դա նույնպես բնական չէ, քանի որ մարդն էլ է անկատար: Արդյունքում՝ սոսկալի թշվառություն է շուրջբոլորը. մորթում են, սպանում, զրկում, թալանում… Երբեմն այնպիսի տպավորություն է, ասես Աստված զզվել է, հոգնել է մեզանից և անուշադրության մատնել, հայացքը հեռացրել:

-Ձեր մտահոգությունները շատ են… Պարոն Արա, ի՞նչ գրքի վրա եք աշխատում ներկայումս, ի”նչ թեմաներ եք արծարծում:

- Օրվա իրադարձություններն ինձ համար կարող են բանաստեղծության նյութ դառնալ: Վերացական տարածքում չեմ ստեղծագործում: Ունեմ ընկերներ, որոնք պնդում են, որ նման գրականությունը ժամանակի հետ կարող է անցնել: Նման դեպքերում շեշտում եմ, որ Դանտե Ալիգիերին 13-րդ դարի Ֆլորենցիայի կյանքն էր նկարագրում: Ինչպես Չարենցն է ասում, գրողը պետք է իր ժամանակի շունչը լինի: Իմ նոր գիրքը, որը դեռ վերնագրված չէ, բաղկացած է մի քանի շարքերից: Անդրադարձել եմ քառօրյա պատերազմին, կա սիրային բանաստեղծությունների շարք, սաղմոսների շարք, քաղաքին վերաբերող շարք և այլն: Գրել եմ կերպարների մասին, որոնք ինձ շատ են հետաքրքրում, օրինակ՝ Մայր Թերեզան, Դոն Կիխոտը, որին ինձ շատ եմ նմանեցնում: Գիրքս լույս կտեսնի 2018 թվականի տարեվերջին կամ 2019-ի տարեսկզբին: Շուտով կհրատարակվի «Եվ սերը ասաց» խորագրով սիրային բանաստեղծությունների ժողովածուս, որում ընդգրկել եմ սիրո մասին իմ բոլոր գործերը: Հաջորդ տարի իմ հոգևոր պոեզիան եմ ուզում տպագրել, սաղմոսներս:

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝Էդուարդ Սեպետչյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում