Միջազգային

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 91-ամյա երգիչն այս հայտարարությունն արել Է Agence France Presse-ին տված հարցազրույցում:

«Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին:Հարկավոր էհոգ տանել նրանց ապագայի մասին,բարելավելնրանց վիճակը»,- ասել է Ազնավուրը:

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է իր կողմից արդեն առաջադրված գաղափարի մասին, այն է՝ միգրանտներին բնակեցնել Ֆրանսիայի հեռավոր բնակավայրերում, փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք գործնականում լքված են տեղի բնակիչների կողմից:

«Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ: Նրանց ջանքերը թույլ կտան այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,-նշել է աշխարհահռչակ շանսոնյեն:

Ազնավուրն ընդգծել է, որ այդօրինակ ծրագրի իրագործման դեպքում «Ֆրանսիան մատնացույց կանեն որպես օրինակելի երկիր»: «Ես միանգամայն վստահ եմ, որ հենց այդպես էլ պետք է վարվել»,- հավելել է Ֆրանսիայի ամենաանվանի հայը:

Նա չի բացառել, որ կմասնակցի մի խումբ երգիչների եւ կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը, ինչպես դա եղավ 1989 թվականին, երբ նման երգ ստեղծվեց ուժգին երկրաշարժից տուժած Հայաստանին աջակցման ծրագրի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում