Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք
1 րոպեի ընթերցում

Ալբանիայում ցուցարարները ներխուժել են երկրի Էկոնոմիկայի նախարարության շենք և ավերել ծառայողական հարկաբաժինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Albanian Daily News լրատվական հարթակը։
Նշվում է, որ ցուցարարները նաև շենքից դուրս են բերել կահույքն ու սարքավորումները։ Ըստ լրատվամիջոցի՝ նաև վնաս է հասցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին, որտեղ կոտրվել են ապակիները։
Տիրանայում անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 13-ին՝ Կրթության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ուսանողական բողոքի ակցիայի ընթացքում և շարունակվել հաջորդող օրերին։ Ուսման վարձի թանկացման և կոռուպցիայի դեմ բողոքող ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Հոկտեմբերի 15-ին Էդի Ռաման հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Ըստ Reuters գործակալության՝ նա նշել է, որ իշխանությունը պետք է փոխվի ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ոչ թե հեղափոխության։