Եվրոպա

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է վարչապետն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ԵՄ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման ավարտից հետո։

«Բրյուսելում երկկողմ հանդիպում ունեցա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ողջունեցի Հունգարիայի և Ուկրաինայի միջև ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունն՝ ուղղված Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության իրավունքների ամրապնդմանը», - նշել է նա։

«Ուկրաինայի խորհրդարանի կողմից փոքրամասնությունների կրթության մասին օրենքի ընդունումը և դրա անհապաղ կիրառման մեկնարկը մենք համարում ենք փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված առաջին քայլ», - նշել է Մադյարը՝ հավելելով, որ խորհրդակցությունները կշարունակվեն նախարարների մակարդակով։

«Մենք նաև համաձայնեցինք, որ երկու երկրների շահերից է բխում նոր հիմք ստեղծել մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար։ Ես Ուկրաինայի նախագահին հայտնել եմ իմ լիակատար համերաշխությունն իր երկրի դեմ ռուսական դաժան ագրեսիայի պայմաններում, որը շարունակվում է արդեն գրեթե 5 տարի», - հավելել է Մադյարը։

Նրա հայտարարության համաձայն՝ Հունգարիան պատրաստ է բոլոր հնարավոր դիվանագիտական ​​միջոցներով օգնություն ցուցաբերել՝ շուտափույթ հրադադար հաստատելու և տևական խաղաղության հասնելու համար։

Հունիսին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը և Կիևը համապարփակ համաձայնության են եկել հունգարական փոքրամասնության լեզվական, կրթական, մշակութային և քաղաքական իրավունքներն ընդլայնելու վերաբերյալ։

Ուկրաինայի և Հունգարիայի միջև հարաբերությունները վատթարացել են 2017 թվականից, երբ Կիևն ընդունել էր օրենք, որը զգալիորեն ընդլայնեց պետական լեզվի օգտագործումը կրթության մեջ, իսկ երկու տարի անց սահմանափակեց հունգարերենի օգտագործումը երկրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում