Աշխարհ

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրում Starlink արբանյակային ինտերնետ կապի աշխատանքի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին ցուցանիշներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան Starlink-ն օգտագործում է հարձակումներից պաշտպանվելու համար, ինչպես նաև մարտական գործողությունների գոտի սննդամթերք հասցնելու և միջին հեռահարության հարվածներ իրականացնելու նպատակով, սակայն ոչ Ռուսաստանի խորքում իրականացվող հեռահար հարվածների համար։

«Հետևաբար, Starlink-ի արագության նվազումը մեզ համար շատ տհաճ անակնկալ էր», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ առավելագույն արագությունը սահմանափակված էր ժամում 70 կիլոմետրով, մինչդեռ ռուսական անօդաչու թռչող սարքերը կարող են զարգացնել մինչև 400 կմ/ժ արագություն։

Շաբաթվա սկզբին Ուկրաինան սկսել էր խնդիրներ ունենալ Իլոն Մասկի SpaceX ընկերությանը պատկանող Starlink-ի ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի հետ։

Արձագանքելով այս առնչությամբ SpaceX-ի հասցեին Ուկրաինայից հնչող քննադատություններին՝ Մասկը նշել էր, որ Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ «արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ զինված ուժերը, իսկ վերջնական որոշումն ԱՄՆ նախագահինն է»։

Axios-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տունն առնչություն չունի Starlink-ի արագության սահմանափակումների հետ: Սակայն Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արբանյակային համակարգի աշխատանքը սահմանափակելու հրահանգը ստացվել էր Սպիտակ տնից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում