Ռուսաստան

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

2 րոպեի ընթերցում

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Ռուսական ուժերը գիշերվա ընթացքում բալիստիկ հրթիռների մի քանի ալիքով թիրախավորել են Կիևը։ Քաղաքի իշխանությունները հայտնել են 3 զոհի, 20-ից ավելի վիրավորի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ զանգվածային հարվածի ընթացքում թիրախավորվել են էներգետիկ օբյեկտները, մայրաքաղաքում էլեկտրամատակարարման խափանումներ են։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ գործընկերների կողմից կրկին նախազգուշացում չի եղել հարձակման մասին։ Հոկտեմբերի 13-ին ևս նա հայտարարել էր, որ Ուկրաինան դաշնակիցներից հետախուզական տվյալներ չի ստացել հինգ բալիստիկ հրթիռի արձակման մասին, որոնք հարվածել էին Կիևին։

Նույն օրն ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայի հետ կիսվել հետախուզական տվյալներով։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հրթիռներով հարվածել է Կիևում, Կիևի և Խարկովի մարզերում հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքներին։

Բացի այդ, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ երկրի տարածքում գիշերը 902 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Սա ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևի կողմից ամենախոշոր հարձակումներից մեկն է։

Իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 14-ի առավոտյան 07։00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 493 ԱԹՍ։ Դրանց մեծ մասը ՀՕՊ համակարգերի կողմից չեզոքացվել է մարզից հետո, իսկ 180-ը՝ Մոսկվային մոտենալիս։

Իսկ Սարատովի մարզում, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, ուկրաինական անօդաչուների հարվածներից վնասվել են բնակելի տներ, 1 մարդ զոհվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում