Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ուկրաինային, որ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին  NPR-ին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնը հասկացրել է, որ կարող է վերանայել հետախուզության ոլորտում համագործակցությունը, եթե Ուկրաինան շարունակի հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։

Հոկտեմբերի 13-ին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է օգնել Կիևին և կիսվել հետախուզական տվյալներով։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Կիևը հարվածներ է հասցնում Ռուսաստանի էներգետիկ և լոգիստիկ ենթակառուցվածքներին՝ պատերազմ վարելու նրա հնարավորությունները թուլացնելու նպատակով։

Նա նշել է, որ Կիևը ձգտում է ավարտել ռազմական գործողությունները, սակայն մտադիր չէ հրաժարվել նման հարձակումներից, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի արձագանքում դիվանագիտական ջանքերին այնպես, ինչպես ակնկալում են Ուկրաինայի գործընկերները։

«Նա միայն ուժն է հասկանում», - ընդգծել է Զելենսկին։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ Զելենսկին նշել է, որ ռուսական վառելիքի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը չի ազդի ԱՄՆ-ում դրա գնի վրա, քանի որ նախատեսված ծավալը (1,8 միլիոն տոննա) «բավարար չէ»։ Փոխարենը, Զելենսկու խոսքով, դա Մոսկվային ավելի շատ գումար կտա իր պատերազմը շարունակելու համար։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ դիզելի գնի բարձրացումը կապված է Հորմուզի նեղուցի արգելափակման հետ։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 11-ին Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարին, Զելենսկին ասել է, որ այդ մասին իմացել է սոցցանցում ԱՄՆ նախագահի գրառումից, ինչպես մյուսները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում