Արդի մարտահրավերները բերում են եկեղեցական հետևողական գործելու հրամայականը. Գարեգին Բ կաթողիկոս

9 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը մեկտեղեց Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների, Հայրապետական, Հայաստանի և Սփյուռքի թեմերի, Հայ Եկեղեցու տարբեր կառույցների, Գերագույն Հոգևոր Խորհրդի եւ աշխարհական 155 պատվիրակների: Նրանք մեկ հարկի ներքո երեք օր կքննարկենԹեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթում փոփոխություններ կատարելու հարցը, ինչպես նաև Թեմական ուղենշային փաստաթղթի թեմական կանոնադրություններում ներդրման արդյունքները և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը: Ժողովին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ ժողովը բացվեց Տերունական աղոթքով:Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց ժողովի պատվիրակներին: «Մենք մեծապես կարևորում ենք մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները և աշխարհասփյուռ մեր թեմերը ներկայացնող այս ժողովի գործունեությունը, որը պիտի զբաղվի Հայ Եկեղեցու ժողովական կառույցների կանոնադրությունների մշակման, ներեկեղեցական կյանքի կազմակերպման և եկեղեցական հոգեխնամ առաքելության լավագույնս արդյունավորման հարցերով: Այս առումով կարևորում ենք նաև նախորդ տարի մեր Եկեղեցու` Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց աննախադեպ ժողովի գումարումը, որը նույնպես պիտի դառնա պարբերական` զորացնելով տիրավանդ մեր առաքելությունը: Արդի ժամանակների նոր պայմանները և մարտահրավերները բերում են եկեղեցական ոլորտում առավել կազմակերպված ու հետևողական գործունեության հրամայականը: Այսօր մեր ժողովրդի հոգևոր- եկեղեցական կյանքում հառնած խնդիրները կարիքն ունեն հրատապ լուծման և միասնական առավել քաջեռանդ գործունեության և գործակցության»,-ասաց Վեհափառ Հայրապետը:

Նրա խոսքով` անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձվի նաև այն իրողությանը, որ թեմական-համայնքային կյանքը մեծ ազդեցություն է կրում հայ ժողովրդի տեղաշարժերից: Համայնքները համալրվում են նոր անդամներով, սակայն տարիներ շարունակ ընթացող այս փոփոխությունները չեն արտացոլվում թեմական կառույցների գործունեությունից ներս: «Առկա է համայնքի անդամների անհամաչափ ներգրավվածություն թեմական գործընթացներում: Կարող ենք արձանագրել, որ հաճախ թեմի տարածքում բնակվող հայորդյաց թվի համեմատ բավական նվազ է հոգևոր-եկեղեցական կյանքին, միջոցառումներին ու ձեռնարկներին նրանց մասնակցությունը: Այս խնդիրների առջև անհրաժեշտ է առավել զորացնել քարոզչությունը, հոգեխնամ առավել ընդգրկուն գործունեություն ծավալել, Եկեղեցու գործուն անդամների շարքերում ներգրավել թեմի կամ ծուխի հոգևոր իրավասության ներքո ապրող և դեռևս եկեղեցական կյանքին միայն մասնակիորեն հաղորդակցվող հայորդյաց: Սփյուռքում շարունակում են մտահոգող մնալ նոր սերնդի ազգային գիտակցության պահպանման, մայրենի լեզվի իմացության ու գործածության, խառն ամուսնությունների մարտահրավերները: Անհրաժեշտ է նոր ծրագրեր իրագործել` երիտասարդներին ազգայինի ծիրից ներս պահելու, հոգևոր և ազգային արժեքներով դաստիարակելու և կրթելու ուղղությամբ»,-ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Առաջիկա տարի հիշատակվելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Խնկարկելու ենք մեր նահատակների հիշատակի առջև` ամրանալով մեր կամքի ու հավատի մեջ` արդար ավարտի հասցնելու մեր դատը: Մեծ տարելիցը ջանալու ենք դարձնել ազգային մեր կյանքի զորացման և Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ազդակ ու հանգրվան: Այս առիթով մեր Եկեղեցին պիտի կատարի մեր անմեղ զոհերի սրբադասումը: 2015 թ. Սուրբ Էջմիածնում կատարելու ենք նաև սրբազան Մյուռոնի օրհնություն` ի մխիթարություն մեր ժողովրդի և ի զորացում մեր հավատքի ու քրիստոնեական արժեքների, մեր ժողովրդի միասնականության և Մայր Աթոռի ու Մայր հայրենիքի շուրջ համախմբման»,-ընդգծեց Գարեգին Բ կաթողիկոսը:

Նրա խոսքով` վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի սահմաններում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը վկայեցին, թե որքան անկայուն է խաղաղությունը: «Մեր ժողովրդին հուզում են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, Հայաստանի անօրինական շրջափակման վերացման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հիմնախնդիրները, Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքների, հայորդիների խնդիրներն ու դժվարությունները, որոնց մասին մեր Եկեղեցին բարձրաձայնում է միջեկեղեցական ատյաններում, դրանց միջոցով իր ձայնը լսելի դարձնում պետությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու այրերին, ինչպես և մշտահունչ հորդորում ու քաջալերում է համայն հայությանը` միասնական ուժերով լուծելու ազգային հիմնախնդիրները: Ներկայացուցչական այս ժողովը կոչված է նաև խորհելու և քննարկելու Հայրենիքին սատարելու, համազգային կյանքում առկա խնդիրները լուծելու վերաբերյալ այն ծրագրերն ու առաջարկները, որոնք կարող ենք իրականացնել մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցական կառույցների միջոցով», - ասաց Նորին Սրբությունը:

Հայրապետական օրհնությունից ու պատգամից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունից ժողովականներին ողջունեց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: «Հավաքված ենք այստեղ միասնաբար քննարկելու հույժ կարևոր եկեղեցական և ազգային հարցեր, որոնք լուծման կարոտ են: Ցանկալի է, որ այդ հարցերին մոտենանք խորը գիտակցությամբ և լրջությամբ ի շահ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և համայն հայ ժողովրդի», - ասաց Արիս Սրբազանը` անդրադառնալով նաև Միջին Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակին, որը վտանգում է նաև հայ քրիստոնյաների ներկայությունը Միջին Արևելքի այդ երկրներում:

Ժողովականներին ողջունեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` գոհություն հայտնելով Երկնավորին, որ առիթ է ընծայել մեկ անգամ ևս համախմբվելու Մայր Աթոռի հովանու ներքո: «Նման ժողովների գումարումները շատ կարևոր իրադարձություններ են, մանավանդ ներկայումս, երբ Հայ Եկեղեցին առավել քան երբևէ կարիք ունի դրսևորելու միասնականությամբ զորացած կեցվածք` դիմադրելու համար այլազան անբաղձալի հոսանքների ավերիչ զորությանց: Դարձյալ` նման ժողովներն իրենց գոհացուցիչ արդյունքները կունենան, երբ կծառայեն Հայ Եկեղեցու գոնե մեկ անդամի հավատքի ամրապնդմանը և հոգևոր կյանքի շինությանը», - նշեց Արամ Սրբազանը` այս ժողովն արտահայտությունը նկատելով Եկեղեցու հոգևորական և աշխարհական դասերի միասնականության, որով ժողովականներն առ Աստված ապավինությամբ պետք է աշխատեն` ի մտի ունենալով Հայ Եկեղեցու անսասանությունն ու բարեկարգությունը, հոգևոր բարգավաճումն ու զորացումը:

Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ), փոխատենապետեր ընտրվեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և տիար Հովհաննես Հովհաննիսյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ): Հաշվիչ հանձնախմբի անդամ ընտրվեցին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, դոկտոր Լին Չետին (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և Ռուզաննա Չոփիկյանը (Արթիկի թեմ):

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում