Հասարակական

Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չի կայացել. Գարեգին Բ-ին կաթողիկոսական ուխտին անհավատարմության մեջ մեղադրող հոգևորականները չեն ներկայացել

3 րոպեի ընթերցում

Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չի կայացել. Գարեգին Բ-ին կաթողիկոսական ուխտին անհավատարմության մեջ մեղադրող հոգևորականները չեն ներկայացել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 28-ին նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի իրավազոր նիստը չի գումարվել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հիշեցնենք՝ այս հոգևորականները նոյեմբերի 27-ին հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Գարեգին Կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր: Մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ և իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ Եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նույնը օրը հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ նրանք նաև հանդիպել էին վարչապետի հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ, այնուամենայնիվ, Էջմիածնում ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ են ունեցել նոյեմբերի 27-ին եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը՝ արձանագրելով, թե «հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը»։

«Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձնախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները»,-նշել են Մայր Աթոռից՝ հրամայական համարելով, որ «եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը»։

«Հայկական Վիկիլիքս» անվանմամբ տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին: Հոգևորականը այն անվանել էր «հորինվածքներ ու զրպարտություններ», իսկ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ ընթացք է տվել նրան վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում